Պակիստանն ազատ է արձակել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկին` Ամին Ալ-Հակկային, որը Ուսամա բեն Լադենին ամենամոտ զինակիցն էր: Այս մասին հաղորդում է CBS News-ը` վկայակոչելով Իսլամաբադի աղբյուրները:
CBS-ի զրուցակցի խոսքերով` Պակիստանի իշխանություններին չի հաջողվել ապացուցել Ալ-Հակկայի հետագա մեկուսացման անհրաժեշտությունը, քանի որ նա, իրենց տեղեկություններով, «առանցքային դեր չի խաղացել» «Ալ-Քաիդա»-ում և «իր տրամադրության տակ կարևոր տեղեկություն չունի»:
«Ալ-Հակկան սխալմամբ է ձերբակալվել, ոստիկանությունը չի կարողացել ապացուցել նրա կապը Ուսամա բեն Լադենի հետ, ուստի դատարանը նրան ազատ է արձակել»,- մեջբերում է բրիտանական The Telegraph թերթը պակիստանցի պաշտոնյաներից մեկի խոսքերը:
Ինչպես նշում է CBS-ը, Ալ-Հակկային ազատ արձակելու քայլը կասկածի տակ է դնում Պակիստանի իշխանությունների այն հայտարարությունները, թե իրենք նույնպես պայքարում են ահաբեկչության դեմ:
Վաշինգտոնի և Իսլամաբադի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ մայիսին Պակիստանի տարածքում, առանց վերջինիս իշխանությունների իմացության, ամերիկյան դեսանտն ինքնուրույն իրականացրեց մի գործողություն, որի արդյունքում սպանվեց «համար մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը: Մինչդեռ Բեն Լադենին չեզոքացնելու գործողությունները նախկինում ԱՄՆ-ը իրականացնում էր Պակսիտանի իշխանությունների հետ համագործակցությամբ:
Սեպտեմբերի 17-ին Պակիստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Աֆղանստանի մայրաքաղաքում ԱՄՆ ներկայացուցչության վրա հարձակում է գործել «Հակկանի» ցանցը:









































