Կուբայի իշխանությունները 1959թ.-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ թույլատրել են իրենց քաղաքացիներին ազատ մեքենա գնել և վաճառել: Այս քայլը Կուբայում տնտեսական բարեփոխումների իրականացման մի կետն է:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, չորեքշաբթի օրը հրապարակված հրամանագրում ասվում է, որ Կուբայի քաղաքացիներն ու օտարեկրացիները կարող են մեքենաների հետ իրականացնել ցանկացած գործարք` «առանց ինչ-որ մեկից նախնական թույլտվության»:
Տեղափոխվելու դեպքում Կուբայի քաղաքացին կարող է վաճառել իր ավտոմեքենան կամ այն նվիրել ընտանիքի մեկ այլ անդամի, ինչը հնարավոր չէր նախկինում:
Նշենք, որ նախքան նոր բարեփոխումը հնարավոր էր գնել կամ վաճառել միայն մինչև 1959թ. հեղափոխությունը գնված ավտոմեքենաներ:









































