Այսօր իտալացի հայտնի տենոր Ալեսանդրո Սաֆինայի` լրագրողների հետ հանդիպումն անսպասելի ավարտ ունեցավ: Ասուլիսի սկիզբը խաղաղ էր, ոչինչ ասես չէր կարող մթագնել երգչի տոնական տրամադրությունը: Լրագրողներին անմիջապես հնարավորություն տրվեց նրան ուղղել իրենց հարցերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես եղավ, որ նա այդքան հեշտությամբ ընդունեց Երևան գալու հրավերը: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը փորձեց շրջանցել հարցը, սակայն երգիչը պնդեց, և նա թարգմանեց: Ի պատասխան` երգիչն ասաց, որ մեկ-երկու օրում իրեն կազմակերպիչների հետ հաջողվել է համաձայնության գալ:
Այնուհետև Սաֆինայից փորձեցին ճշտել` արդյո՞ք «հարգարժան հյուրը վատ չի զգում, որ փոխարինում է մեկ այլ երգչի»: Այս հարցից հետո սրահում տիրող խառնաշփոթում կազմակերպիչները փորձեցին որոշ պարզաբանումներ տալ, որ դա ոչ թե փոխարինում է, այլ նրա համերգն է: «Եթե չեք ցանկանում, կարող եք չգալ համերգիս»,- առաջարկեց երգիչը:
Կրակի վրա յուղ լցրեց Slaq.am-ի լրագրողը` փորձելով երգչին հարց տալ Հայոց ցեղասպանության մասին ու ագրեսիվ տոնով սկսեց խոսել հարց տալու իր իրավունքի մասին: Իրավիճակն այնուհետև դարձավ անվերահսկելի, ու վրդովված երգիչը ի նշան բողոքի լքեց լրագրողներին:
Ալեսանդրո Սաֆինան ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում։ Ձայնասկավառակների ռեկորդային թվի վաճառքը երգչին մշտապես բերել է պլատինե և ոսկե սկավառակներ: Նրա կատարումները հնչում են «Կնքահայրը» ֆիլմում, «Կլոն» հեռուստասերիալում:










































