«Մենք ժողովրդին բերելու ենք հրապարակ, ու նրա ճնշման ներքո Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, գնալու է արատահերթ ընտրությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
Նրա ընդդիմախոս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ արձագանքեց, թե արտահերթ ընտրությունների ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ տնտեսական, ոչ էլ հոգեբանական հիմքեր այսօր Հայաստանում չկան. «Էդպիսի բան չի կարող լինել` Սերժ Սարգսյանը ցանկություն չունի հրաժարական տալու»:
Գնահատականին, թե ՀԱԿ-ը հիասթափեցրել է ժողովրդին, և այսօր դժվար է արդեն նրան հրապարակ բերել, Մակեյանը պատասխանեց. «Եթե Ձեզ ձեռնատու էր արաբական տարբերակը, ապա հիմա էլ Կոնգրեսը դա իրականացնելու հնարավորությունն ունի, բայց Կոնգրեսը չի ուզում այդ էջն իր վրա վերցնել, որովհետև դա մեր ժողովրդին որևէ բան չի տա»:
Մակեյանը նկատեց, որ դեռևս կա 180 օր, և այդ ընթացքում ցանկացած օր էլ կարելի է պարտադրել իշխանություններին փոխել իրավիճակը:
Հարցին՝ չկա՞ արդյոք մտավախություն, թե այս անգամ էլ կտրուկ քայլերի դեպքում իշխանությունը կրկին բռնությունների կդիմի, Մակեյանը պատասխանեց. «Չնայած վարչախումբը նույնն է, բայց այս իշխանությունները չեն կրկնում Ռոբերտ Քոչարյանի որակները»:
Նա նաև ընդգծեց, որ այն, ինչ 2008-ի մարտի 1-ին արեց Ռոբերտ Քոչարյանը, բնորոշ չէ նորմալ մարդու գործունեությանը, և կարելի է մտածել, որ նա հոգեխանգարմունքի մեջ է:
Մակեյանը հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսն այնքան ժողովուրդ է հավաքելու հրապարակում, որ եթե անգամ իշխանությունն ուզենա կրակել, չկարողանա:
Հարցին, թե երբ է հավաքվելու այդ ժողովուրդը, նա պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա, երեխան ծնվում է 9 ամսվա ընթացքում, սպասենք»:










































