Թուրքական Milliyet թերթը, վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությանը, հայտնում է, որ «Իրանի ազգային գազ» կազմակերպությունը Թուրքիայից փոխհատուցում է պահանջում՝ պայմանավորվածի համաձայն իրանական գազ չգնելու համար։
Իրանական կողմը նշել է, որ այս տարի Թուրքիայի տարածքում 4 անգամ պայթեցվել է Իրանից եկող գազատարը, ինչի պատճառով իրանական կողմը ստիպված է եղել դադարեցնել գազամատակարարումը։
Դրանից օգտվել են Թուրքիայի մյուս գազամատակարար երկրները՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը՝ ավելացնելով Թուրքիային հատկացվող գազի ծավալը։
Նշվում է, որ Իրանի հետ կնքած պայմանագրով Թուրքիան պարտավորվել է 25 տարվա ընթացքում Իրանից գնել տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ։
Հիշեցնենք, որ միայն վերջին երեք ամսում քուրդ զինյալներն Իրանից եկող գազատարը Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում պայթեցրել են 3 անգամ՝ հուլիսի 29-ին, օգոստոսի 11-ին, սեպտեմբերի 22-ին։
Ի դեպ, Իրանը նույն պատճառով 2009 թվականին Թուրքիայից ստացել էր 600 միլիոն դոլարի փոխհատուցում։









































