Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թայվանի Թայբեյ քաղաքում տեղի է ունեցել Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) 60-րդ կոնգրեսը։
Դրանում մեծ անդրադարձ է արվել Թուրքիայում խոսքի ազատության շուրջ տիրող վատթար վիճակին։ IPI-ն նշել է, որ Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ ներկայումս թուրքական բանտերում են գտնվում 64 լրագրողներ, և պահանջել է ազատ արձակել նրանց բոլորին անխտիր։
IPI-ն նաև հայտարարել է, որ Թուրքիայում լրագրողները վախենում են վարչապետ Էրդողանից։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբին IPI-ն հայտարարել էր, թե ձերբակալված լրագրողների ցուցանիշով Թուրքիան աշխարհի բացարձակ առաջատարն է.
«Ներկայումս թուրքական բանտերում են գտնվում 57 լրագրողներ: Այդպիսի իրավիճակ չկա աշխարհի որևէ այլ երկրում: Նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ՝ 1-ին տեղը միմյանց միջև կիսել էին Չինաստանն ու Իրանը` 34-ական ձերբակալված լրագրողներով»:









































