Լոնդոնի «Գլոբուս» թատրոնը հաջորդ տարի սկսում է Շեքսպիրյան բեմադրությունների շարք, ինչպիսին երբեք չի եղել: Թատրոնում ներկայացվելու են Շեքսպիրի 37 ստեղծագործությունները աշխարհի 37 լեզուներով, այդ թվում` հայերեն: Բեմադրությունները ներկայացնելու են աշխարհի տարբեր երկրներից այստեղ ժամանած թատրոններ: Թատրոններ են գալու նորանկախ Հարավային Սուդանից և հակամարտություններից կքած Աֆղանստանից, Բալկաններից, Չինաստանից, Նոր Զելանդիայից, Իտալիայից, Ռուսաստանից և այլն: Այս մասին գրում է CNN-ի բլոգը:
Այս փառատոնի ղեկավար Թոմ Բըրդը նշում է, որ 2011 թ. ապրիլից հունիս Ամառային օլիմպիադայից առաջ կազմակերպվող «մշակութային օլիմպիադան» աննախադեպ է: Նա ասել է, որ իրենք փորձել են Շեքսպիրը ներկայացնել տարբեր լեզուներով իրենց ուժերով, սակայն նաև շրջագայել են աշխարհում` տաղանդավոր թատերախմբեր գտնելու համար: Բըրդն ասել է, որ իրենք չեն կարողացել այստեղ ներկայացնել բոլոր լեզուներով կատարված բեմականացումները և ընտրել են նրանք, որ լեզուներով առավել շատ են խոսում Լոնդոնում` ուրդու, յորուբա և լեհերեն: «Մենք նաև հայացք ուղղեցինք այն երկրներին, որոնք Շեքսպիրի բեմադրության երկար պատմություն ունեն, օրինակ՝ Հայաստանն ու Վրաստանը, և, ի վերջո, եթե ինչ-որ տեղ լավ բեմականացում կար, մենք դա էլ ենք վերցրել»,- ասել է փառատոնի ղեկավարը:
Տեղեկացնենք նաև, որ փառատոնը սկսվելու է ապրիլի 23-ին՝ Շեքսպիրի ծննդյան օրը:








































