ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Սլովակիայի «Դուհա» («Duha») ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Միրոսլավ Ռեմետայի գլխավորությամբ: Ընկերությունը ոչ միայն Սլովակիայում, այլև եվրոպական տարբեր երկրներում գործունեություն է ծավալում հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում:
Հյուրերը տեղեկացրել են, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող մի շարք` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, «Իրան- Հայաստան» երկաթուղու կառուցման, ինչպես նաև Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման ծրագրերով: Ընկերությունն ուսումնասիրում է նաև հանքաքիմիական ոլորտում համագործակցության և փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Փոխվարչապետը ողջունել է ընկերության մտադրությունները` նկատելով, որ ենթակառուցվածքների զարգացման խնդիրներն առաջիկա տարիներին գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Վերջին տարիներին կարևորվում են նաև աղբահանության, աղբի վերամշակման հետ կապված հարցերը: Բացի Երևան քաղաքում աղբահանության ծրագրից, գերմանական KfW բանկի աջակցությամբ նման ծրագրեր են մշակվում մյուս խոշոր քաղաքների համար, և ՀՀ կառավարությունը նույնպես հետաքրքրված է այդ ոլորտում փոխշահավետ համագործակցությամբ ու խրախուսում է որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված նախաձեռնությունները:
Անդրադառնալով հանքաքիմիական բնագավառում գործակցության հեռանկարներին` Ա. Գևորգյանը նկատել է, որ Հայաստանում այս ոլորտում առկա է զարգացման մեծ ներուժ, և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղական գործընկերների ներգրավմամբ հնարավոր է լուրջ արդյունքներ ունենալ:









































