Facebook սոցիալական կայքի 350 մլն ակտիվ օգտատերերից 90 մլն-ը օգտվում է iPhone-ից: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը, վկայակոչելով սոցիալական կայքի ներկայացուցիչներին, յուրաքանչյուր շաբաթ iPhone-ի համար Facebook-ի հավելվածը ներբեռնում է շուրջ 250 հազար մարդ: Ընդ որում, վերջին շրջանում ներբեռնումների դինամիկան նվազել է, ինչը կապում են հոկտեմբերին սպասվող նոր iPhone-ի թողարկման հետ:
Միաժամանակ, առավել ակտիվորեն աճում է այն մարդկանց թիվը, որոնք Facebook սոցիալական կայք մուտք են գործում Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոսներից: Յուրաքանչյուր շաբաթ Android-ի համար համապատասխան հավելված է ներբեռնում շուրջ 1.5 մլն օգտատեր: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք Facebook մուտք են գործում ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ սոցիալական կայքի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 800 մլն-ը, իսկ օրական Facebook այցելում է 500 մլն մարդ:









































