Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել է 1941 թվականին ֆաշիստական սուզանավի կողմից ոչնչացված անգլիական SS Gairsoppa նավը, որը տեղափոխելիս է եղել 200 տոննա արծաթ:
Ինչպես հայտնում է Mignews-ը, նավն օվկիանոսի հատակում հայտնաբերել է ամերիկյան Odyssey Marine հետազոտական ընկերությունը:
Նավը, որը տեղափոխում էր 150 միլիոն ֆունտ-սթեռլինգ ընդհանուր արժողությամբ արծաթ, Հնդկաստանից ուղևորվում էր Մեծ Բրիտանիա: Նրա վրա գտնվող 85 բրիտանացիներից ողջ էր մնացել միայն մեկը:
Այդ գումարի 80%-ը կստանա նավը հայտնաբերած ընկերությունը` համաձայն Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության հետ նախկինում կնքված համաձայնագրի:
Արծաթն օվկիանոսի հատակից կհանվի 2012 թվականին:









































