Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ դատական նիստ, որտեղ դատապաշտպան Վահե Գրիգորյանը ներկայացրեց քաղաքացի Արտակ Բեգլարյանի հայցադիմումը «ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից հայցվորի դիմումի ընդունումը մերժելու մասին որոշման վերացման պահանջի մասին»: Նշենք, որ դատական նիստին ներկա էին հայցվոր Արտակ Բեգլարյանի և պատասխանող կողմերի` ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀՀ ֆինանսների նախարար, ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը, մանուկ հասակում ականի պայթյունի հետևանքով կորցնելով տեսողությունը և 2006-2010 թթ. գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի քաղաքագիտություն բաժնի բակալավրիատը, 2011 թ. հունվարի 26-ին փորձել է դիմել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում սովորելու համար, սակայն ԱԳՆ-ում մերժել են ընդունել դիմումի փաստաթղթերը: Այդ որոշումը ԱԳՆ պաշտոնատար անձինք բանավոր կերպով հիմնավորել են հայցվոր Արտակ Բեգլարյանի կույր լինելու փաստով և 13/02/2002 թ.-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 121 որոշմամբ նախատեսված վիճարկելի սահմանափակումներով: Ավելին՝ սույն դիրքորոշումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից իր՝ 21/02/2011 թ.-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր տիկին Անահիտ Բախշյանին ուղղված իր թիվ 1/02574 գրությամբ: Փետրվարի 8-ին մամուլով տարածված իր խոսքում ԱԳՆ մամլո խոսնակը նույնպես հաստատել է արտգործնախարարի շարունակական դիրքորոշումը՝ հայցվորի դիմումը ընդունելը մերժելը ուղիղ կերպով պայմանավորելով հայցվորի հաշմանդամության փաստով և կրթական գործընթացում համապատասխան տեխնիկական պայմանների բացակայությամբ:
Հայցվորը պնդում է, որ արտգործնախարարի կողմից իր դիմումի ընդունումը մերժելը իր կույր լինելու փաստով և առանց իրավական հիմքերի, ուղղակիորեն հանգեցրել է խտրականությունից զերծ լինելու և կրթություն ստանալու իր իրավունքների խախտման՝ համաձայն ՀՀ Սահմանադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2006 թվականին ընդունված համապատասխան բանաձեւով հաստատված Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 22/09/2010 թ.-ին) և մի շարք այլ ներպետական ու միջազգային իրավական նորմերի, որոնց կարող եք ծանոթանալ հայցադիմումում, որը կցվում է սույն հաղորդագրությանը:
Դատական նիստին առաջին խոսքի հնարավորություն տրվեց Վ. Գրիգորյանին, ով դատարանին խնդրեց հայցը բավարարել ամբողջությամբ: Իրենց խոսքով հանդես եկան նաև պատասխանող կողմի ներկայացուցիչները`մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը գտնում է, որ հայցն ամբողջությամբ անհիմն է և տղայի նկատմամբ խտրականություն չի ցուցաբերվել:
Դատավորը, լսելով բոլոր կողմերի փաստարկները, նշեց, որ հոկտեմբերի 10-ին կհրապարակվի դատարանի որոշումը:







































