Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածում գտնվող իսրայելական դիրքեր, որտեղ խոստացել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պատերազմից հետո երբեք չի կառավարի Գազայում։ Նա նաև անկլավի բնակիչներին խոստացել է վճարել 5 միլիոն դոլար յուրաքանչյուր պատանդի համար, որին նրանք կվերադարձնեն։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետը խոստացել էր, որ Իսրայելը պատանդների վերադարձի համար կվճարվի մի քանի միլիոն դոլար։
Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված տեսանյութում նա ասում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «հասել է գերազանց արդյունքների դեպի իրենց կարևոր նպատակը, որ ՀԱՄԱՍ-ը չկառավարի Գազայում»։
«Մենք ոչնչացնում ենք նրանց ռազմական հնարավորությունները շատ տպավորիչ կերպով և անցնում ենք նրանց կառավարման հնարավորություններին։ ՀԱՄԱՍ-ը Գազայում չի լինի», – ասել է նա։
Նա հավելել է, որ Իսրայելն ամեն բան անում է «բոլոր պատանդներին վերադարձնելու համար՝ ողջ թե մահացած»։
Նեթանյահուն խոստացել է, որ ցանկացած ոք, ով կվերադարձնի պատանդներից որևէ մեկին, կստանա 5 միլիոն դոլար և անվտանգ ելք Գազայից։
«Ընտրությունը ձեր ձեռքերում է, բայց արդյունքը նույնն է լինելու՝ մենք բոլորին տուն ենք վերադարձնելու», – ասել է նա։








































