Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ, նախկին ԻԿԿ) արտգործնախարարների տարեկան կոորդինացիոն հանդիպմանը, ուր անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Իր ելույթում Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել ԻՀԿ-ին՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշմանն աջակցելու համար. «Ադրբեջանի դեմ Հայաստանի «ձեռնարկած ագրեսիան» դատապարտող ԻՀԿ-ի բանաձևերը, ինչպես նաև ԻՀԿ անդամ երկրների աջակցությունը կարևոր դեր են խաղացել միջազգային հանրության, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի մոտ Ադրբեջանի «օկուպացված» տարածքների վերաբերյալ համապատասխան դիրքորոշման ձևավորման համար»։
Մամեդյարովն իր իսլամական գործընկերներին հիշեցրել է «ադրբեջանական տարածքի 20 տոկոսի զավթման ու 1 միլիոն փախստականների», ինչպես նաև իսլամական հազարավոր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին. «Ադրբեջանը հավատարիմ է այդ ձգձգվող հակամարտության խաղաղ ճանապարհով և միջազգային սկզբունքներին ու նորմերին համապատասպան կարգավորմանը»։
Նիստում Մամեդյարովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության իրավունքին։
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մուսուլմանական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ՄԱԿ ԳԱ-ում ԼՂ-ի վերաբերյալ քննարկումների ժամանակ իրենց ամենամեծ աջակցությունը ցուցաբերել են մուսուլմանական երկրները.
«Մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեզ ամենամեծ աջակցությունը ցուցաբերել են մուսուլմանական երկրները։ Մենք շնորհակալ ենք նրանց այդ աջակցության համար, ինչը զգում ենք նաև ներկայումս։ Ադրբեջանն էլ իր հերթին բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է մուսուլմանական երկրների շահերը և այդպես կլինի նաև այսուհետ»։







































