Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռուստաընկերություններից մեկին հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին: Նրա կանխատեսումները, ինչպես թուրքական մամուլի փոխանցումներից է հասկացվում, այնքան էլ լավատեսական չեն: Ֆիդանը, գնահատելով ԱՄՆ ընտրված նախագահի թիմի ձևավորման մասին առաջին տեղեկությունները, զարմանալի և արտառոց չի համարել, որ Թրամփի նշանակումները հիմնականում հրեամետ են. «Դա սպասելի էր, ԱՄՆ-ում հրեական կողմնորոշումը միշտ առկա է»,- ասել է թուրք դիվանագետը, ապա ավելացրել, որ եթե նախագահության ընթացքում Թրամփը կենտրոնանա միայն ուկրաինական կարգավորման ուղղությամբ և անուշադրության մատնի Պաղեստինի խնդիրը, ապա Մերձավոր Արևելքում այլ երկրներ նույնպես կվտանգվեն, բացառված չէ, որ լայնածավալ պատերազմ սկսվի:
Ֆիդանը թուրք-ամերիկյան հարաբերություններում երկու գերխնդիր է ձևակերպել: Առաջինը Սիրիայի հյուսիսում քրդական փաստացի ինքնավարությանը Միացյալ Նահանգների աջակցությունն է, ինչի համար, նրա ձևակերպմամբ, Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրելու իրավունք ունի: Նա հիշեցրել է, որ երբ 2017թ.-ին Թուրքիան այդ տարածքներում հակաահաբեկչական ռազմագործողություն էր ծրագրել, Դոնալդ Թրամփը խոստացել էր հեռացնել ամերիկյան զինուժը, բայց խոստումը չի կատարել: Հաքան Ֆիդանը գտնում է, որ Թրամփը պետք է կատարի խոստումը և Սիրիայի հյուսիսից հեռացնի ամերիկյան զինուժը:
Երկրորդ խնդիրը վերաբերում է Ֆեթհուլլա Գյուլենի կազմակերպության գրասենյակի գործունեությանը: Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիան բազմիցս պահանջել է Գյուլենի և նրա մերձավոր շրջապատի մի խումբ անձանց արտահանձնումը, բայց փոխըմբռնման չի արժանացել: Այժմ, երբ Գյուլենը մահացած է, ամերիկյան կողմը պետք է իր տարածքում փակի նրա կազմակերպության գրասենյակը, քանի որ այդ մարդիկ Թուրքիայում մեղադրվում են զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Հարցազրույցի մի հատված Ֆիդանը նվիրել է թուրք-սիրիական հարաբերություններին: Նա բացահայտել է, որ MIT-ի տնօրենի պաշտոնում սիրիացի պաշտոնակիցների հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և քննարկել բազմաթիվ զգայուն հարցեր: Ֆիդանը քննադատել է սիրիական կարգավորման Աստանայի ձևաչափը: «Հանդիպեցին Մոսկվայում, հետո Թեհրանում, հետախույզները քննարկումներ ունեցան, հետո՞, ի՞նչ արդյունքի հասանք»,- ռուս-թուրք-իրանական պայմանավորվածությունների մասին ասել է Ֆիդանը և խնդիրը կոնկրետացրել. Սիրիայի ռեժիմի ղեկավար Ասադը քաղաքական կամք ունի՞, որպեսզի մեր նախագահի (Ռեջեպ Թայիփ Էրդողանի) հետ դեմ առ դեմ քննարկի խնդիրները և հասնենք լուծումների։
Թուրքիայի արտգործնախարարի վերջին դիտարկումից հասկացվում է, որ Անկարան լուրջ մտավախություն ունի, որ Իսրայելը կարող է Սիրիայում նոր տարածքներ օկուպացնել և հովանավորել քրդական զինված խմբավորումներին, որպեսզի ամրապնդեն դե ֆակտո պետականությունը: Օգոստոսին Սիրիայի այդ տեղաշրջանում քրդերը նախատեսել էին անցկացնել տեղական ընտրություններ:
Թուրքիայի համառ բողոքներից հետո ԱՄՆ միջամտությամբ ընտրությունները հետաձգվել են: Անկարան մի քանի անգամ արդեն ակնարկել է, որ Իսրայելը հովանավորում է քուրդ անջատողականներին: Հաքան Ֆիդանը փաստացի անոնսավորել է, որ եթե ԱՄՆ-ն չդադարեցնի Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության աջակցությունը կամ նույն քաղաքականությունը շարունակի Իսրայելի միջոցով, ապա Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի, և Սիրիան կվերածվի թուրք-իսրայելական պրոքսի պատերազմի մարտադաշտի:
Թուրքիան փաստացի ԱՄՆ ընտրված նախագահի առջև ընտրության խնդիր է դնում: տարածաշրջանում ո՞վ է Միացյալ Նահանգները նախընտրած ուժային գործոնը, Թուրքիա՞ն, թե՞ Իսրայելը: Հաքան Ֆիդանն արձանագրում է, որ Թրամփի ձևավորվող թիմից առաջին տպավորություն է, որ այն հրեամետ է, բայց պետք է սպասել մինչև հունվարի 20-ը: Թուրքիայի արտգործանախարարի գնահատականներում ԱՄՆ հասցեին որոշակի «զգուշացումներ» են հնչում: Թուրքական «մարշը» Վաշինգտոնում ինչպե՞ս է վերծանվում:









































