Նախօրեին «հեղափոխական մորուքը» սափրելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «նոր-հին» իմիջով առաջին ելույթն ունեցել է կառավարության նիստում, որտեղ բավականին կոշտ թիրախավորման է ենթարկել իրավապահ համակարգին՝ ասելով, որ խիստ ցածր է աշխատանքային արդյունավետությունը:
«Լավ, ես կարող եմ համբերել, մի տարի համբերեմ, երկու տարի համբերեմ, երեք տարի համբերեմ, չորս տարի համբերեմ, հարգելի գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի, հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ՝ ես ոնց, որ քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառում ելույթ ունենում խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում գնում եմ, հետո հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, էլ ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում գնում եմ, ո՞վ է ում ձեռ առնում, ուզում եմ հասկանալ, սրա վերջը եկել է», հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Ըստ էության՝ հրաժարվելով հեղափոխական իմիջից, Նիկոլ Փաշինյանը ունեցել է հենց հեղափոխական պատկերին բնորոշ սուր ելույթ: Սա, ըստ էության, կարող ունենալ մի քանի պատճառ կամ մոտիվ: Հնարավոր է, որ Փաշինյանն իրավապահ համակարգը ենթարկում է «պրոֆիլակտիկ շոկի», թեև այդ պարագայում, եթե չփոխվի աշխատանքային արդյունքը, ապա Նիկոլ Փաշինյանը կզգա ոչ թե ելույթի, այլ բումերանգի էֆեկտ:
Չի բացառվում, որ Փաշինյանը պարզապես անոնսավորում է փոփոխություններ ուժային բլոկում, որի նպատակը, սակայն ոչ թե արդյունավետությունն է, այլ ընդամենը հնարավոր այլ մոտիվներով չպայմանավորված փոփոխություններից առավելագույն քարոզչական էֆեկտ ստանալը: Այսինքն՝ չի լինի արդյունավետության փոփոխություն, պատկերը չի փոխվի սկզբունքորեն, ինչը Նիկոլ Փաշինյանի համար «հիմք» կլինի արդեն մի նոր հեղափոխական ելույթով հայտարարել իրավապահ համակարգում կադրային փոփոխությունների մասին՝ այդ կերպ կորզելով որոշակի հանրային դիվիդենտներ:
Անշուշտ, բացառելի չէ և այն, որ իրավապահ համակարգի հանդեպ կոշտ ելույթը ունի հայտնի այսպես ասած ռուսական ասացվածքի տրամաբանությունը՝ «խփիր յուրայիններին, որ օտարները վախենան»: Թե ո՞ւմ է այդ կերպ վախեցնում Նիկոլ Փաշինյանը, կարող ենք անել տարբեր ենթադրություններ: Բացառելի չէ, որ իրավապահ համակարգի այդ թիրախավորումը նաև ուղիղ հանձնարարություն է՝ պտուտակները ձգելու ուղղությամբ, ինչը կարող է ենթադրել նախապատրաստում որևէ քայլի, որի պարագայում Փաշինյանին անհրաժեշտ է ներքին իրավիճակի տոտալ վերահսկողության աներեր երաշխիք կամ վստահություն:








































