Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիա է այցելել Չինաստանի հատուկ նշանակության զինված ուժերի պատվիրակությունը։ Վերջինս Անկարայում հանդիպումներ է ունեցել թուրք գործընկերների հետ։
Բանակցությունների ժամանակ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն ռազմական ոլորտում համագործակցելու մասին։ Չինական ռազմական պատվիրակությունն այցելել է նաև Թուրքիայի ռազմական ուսումնական կենտրոններ։
Հիշեցնենք, որ երբ Թուրքիան նախորդ տարվա սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը Քոնիայում կայացած «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժություններում բացառել էր Իսրայելի մասնակցությունը, ԱՄՆ-ը, ի պատասխան դրա, իր հերթին հրաժարվեց դրանց մասնակցելուց` որպես պատրվակ նշելով, թե այդ տարի ամերիկյան զորքերն արդեն երկու անգամ թուրքական տարածքում մասնակցել են զորավարժությունների, և այժմ նրանց առջև այլ խնդիրներ են դրված:
Թուրքիան էլ հետ չէր մնացել և հրավեր էր ուղարկել Չինաստանին, և վերջինս իր պատմության ընթացքում առաջին անգամ համատեղ զորավարժություն էր անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:








































