Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ ԼՂՀ-ում սեպտեմբերի 18-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ-ի արած հայտարարության համար Հայաստանում Վրաստանի դեսպանը կանչվեց Հայաստանի ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու, հարց էր առաջացել, թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ճակատագիրը, քանի որ ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի ԱԳՆ-ը։
Հավանաբար, պաշտոնական Երևանը ռուս դաշնակցին հասկացրել է, որ անընդունելի է նրա գնահատականը, որը համահունչ է ադրբեջանական գնահատականի հետ։ Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ստիպված է եղել այդ կապակցությամբ հանդես գալ նոր հայտարարությամբ։ Նա կրկնել է, որ Ռուսաստանը ԼՂՀ-ն չի ճանաչում որպես անկախ պետություն, սակայն հավելել է.
«Ռուսաստանի ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ ԼՂՀ-ում անցկացված ՏԻՄ ընտրություններն ուղղված են եղել բնակչության համար նորմալ կենսապայմանների ստեղծմանը։ Մեր համոզմամբ՝ ԼՂՀ-ի ապագա կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի խմբի շրջանակներում հակամարտող կողմերի միջև տարվող քաղաքական բանակցությունների արդյունքում՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»։









































