«Ես կցանկանայի հավատալ ձեզ, երբ ասում եք, որ կյանքը և մարդկային արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն։ Խնդիրն այն է, որ ձեր համաքաղաքացի եվրոպացիներն անխոս աջակցում են Գազայի ցեղասպանությանը և Լիբանանի ջարդերին»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին՝ ի պատասխան Վրաստանում ընտրության և հետընտրական իրավիճակի վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելի հայտարարության:
Իրանի արտգործնախարարի արձագանքի հարցում ուշագրավը հենց ինքը փաստն է, որ նա այդ կերպ անդրադարձել է մի հայտարարության, որը, ըստ էության, Իրանի մասին չէ, Իրանին անմիջականորեն առնչվող հարցի վերաբերյալ չէ: Սակայն, դա թերևս միայն առերևույթ: Գործնականում, Իրանի ԱԳ նախարարի արձագանքը հուշում է, որ Թեհրանը ոչ պակաս զգայուն է Վրաստանի շուրջ զարգացումների հանդեպ, թեև սահմանակից չէ Վրաստանին և կարծես թե առանձնապես ակտիվ չի էլ եղել Վրաստանում կամ դրա շուրջ ծավալվող իրողությունների հանդեպ:
Սակայն Իրանի ԱԳ նախարարի արձագանքը ի ցույց է դնում Վրաստանի հարցում Իրանի զգայուն նյարդը, ինչը, իհարկե, զարմանալի չէ: Իրանի հետաքրքրության մոտիվներին անդրադարձել եմ տարբեր առիթներով: Վրաստանը Թեհրանի համար սահմանակից չէ, սակայն կարևոր օղակ է Պարսից ծոց-Սև ծով գաղափարի համատեքստում: Միևնույն ժամանակ, Իրանի համար Վրաստանը նաև հնարավորություն է Հյուսիս-հարավ երթուղային տրամաբանության առումով, ընդ որում՝ ցանկալի հնարավորություն՝ Ադրբեջանի ցամաքային գերակայության հաղթահարման համար:
Այդ համատեքստում, Իրանի համար շահեկան է, որպեսզի Վրաստանը կարողանա պահել բալանսավորված դիրք՝ խուսափելով ամբողջապես արևմտյան աշխարհաքաղաքական նարատիվի ազդեցության ներքո հայտնվելուց: Այդտեղ է պատճառը, որ Թեհրանը եվրահանձնակատար Բորելի՝ Վրաստանին վերաբերող հայտարարությանը, որ թվում է, թե ոչ մի էական առնչություն չունի Իրանին, արձագանքում է բավականին զգայուն և թիրախային:









































