Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 28-ի երեկոյան Դաունինգ Սթրիթում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը ցավակցություն է հայտնել լիբանանցի իր պաշտոնակցին երկրում շարունակվող հակամարտության հետևանքով քաղաքացիական զոհերի համար։
Ըստ հաղորդագրության՝ երկու ղեկավարները համաձայնել են, որ հարկավոր է Լիբանանում անհապաղ հրադադար հաստատել և հակամարտության խաղաղ լուծման ուղիներ գտնել։ Նրանք ընդգծել են քաղաքացիական բնակչության և Լիբանանի կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու կարևորությունը։
Կողմերը նաև քննարկել են Մեծ Բրիտանիա-Լիբանան երկկողմ հարաբերությունները։
Իր հերթին լիբանանյան LBCI News պարբերականը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում Քիր Սթարմերը բարձր է գնահատել բրիտանական և լիբանանյան զինված ուժերի կառուցողական հարաբերությունները՝ հայտնելով Միացյալ Թագավորության պատրաստակամությունն՝ այս ընթացքում աջակցելու Լիբանանին բոլոր մակարդակներում։
Իր հերթին Նաջիբ Միքաթին երախտագիտություն է հայտնել Միացյալ Թագավորությանը «հրադադարի և դիվանագիտական լուծման հարցում իր աջակցող դիրքորոշման» և «Լիբանանին, հատկապես երկրի բանակին աջակցության համար»։
«Մեր երկու երկրների հարաբերությունները շատ խորն են, և մենք անհամբեր սպասում ենք հետագա զարգացմանը ձեր կառավարության օրոք», – Միքաթիի խոսքերն է մեջբերում LBCI News-ը։











































