Իսրայելի վարչապետ Նաթանյահուի տանը հարվածել է անօդաչու թռչող սարքը, որն ըստ տեղեկության արձակվել է Լիբանանի տարածքից: Փաստացի ստացվում է, որ Լիբանանի տարածքից անօդաչուն անարգել հասել է մինչև Իսրայելի վարրապետի կեցավայր ու հարվածել, թեև չի տուժել ոչ ոք, իսկ Նաթանյահուն ու կինն ընդհանրապես չեն եղել այնտեղ: Սակայն ինքնին փաստը, որ անօդաչուն փաստորեն Լիբանանից հասել է մինչև նրա տուն ու հարվածել, արդեն իսկ արտառոց է: Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Բայդենը Գերմանիայից հեռանալիս հայտարարել է, որ ԱՄՆ մանրամասն տեղյակ է Իրանին Իսրայելի պատասխան հարվածի վերաբերյալ, սակայն չի հանրայնացնի որևէ տարր: Իրանի արտգործնախարարը արձագանքել է, որ, եթե որևէ մեկը տեղյակ է և կնպաստի այդ հարվածին, կլինի դրա համար պատասխանատու:
ԱՄՆ ու Իրանի այս հայտարարությունները սակայն կարծես թե խոսում են այլ բանի մասին: Բայդենի հայտարարությունը թերևս վկայում է այն մասին, որ Իսրայելը մանրամասն համաձայնեցրել է «պատասխանը» ԱՄՆ հետ, ինչը նշանակում է թերևս, որ դա չի լինելու այնպիսին, որը խնդիր կստեղծի Նահանգների ադմինիստրացիայի համար, կամ այլ կերպ ասած՝ կբերի ռեգիոնալ պատերազմի:
Իրանի արձագանքը թերևս այն մասին, որ Նահանգներից որևէ կերպ ստացել են Իսրայելի հարվածի մասին անհրաժեշտ տեղեկություն, բայց, եթե հարվածը լինի ավելին՝ քան իրենք տեղեկացված են, ապա դա կարող է բերել Իրանի պատասխանի և ավելի մեծ էսկալացիայի: Սա իհարկե ենթադրություն է, հայտարարությունների տողատակի գնահատում, սակայն կասկած չկա, որ Նահանգները ուղիղ կոմունիկացիայի մեջ լինելով Իսրայելի հետ, նաև անուղղակի հաղորդակցության մեջ են Իրանի հետ, որովհետև միայն այդպես է հնարավոր խուսափել ռեգիոնալ մեծ պատերազմից, որն առավել ևս այս շրջափուլում բոլորովին պետք չէ ԱՄՆ վարչակազմին:
Ահա այդ ֆոնին է ուշագրավ Նաթանյահուի տանը հասցված հարվածը, որը թողնում է պարզապես նախազգուշացման տպավորություն. եթե Իսրայելի վարչապետը անցնի այն սահմանը, որը համաձայնեցրել է ԱՄՆ նախագահի հետ բոլոր մանրամասներով, ապա կարող են առաջանալ ընդհուպ նրա կյանքին սպառնացող ռիսկեր: Նաթանյահուն իհարկե վաղուց է դրսևորում վարքագիծ, որը սանձելու համար առաջացել է ընդհուպ անձնական ֆիզիկական սպառնալիքի կարիք: Կաշխատի՞ դա այս պարագայում:









































