«Այն ընդունված կարծիքը, որ քաղաքական վերադասավորումները Ռուսաստանում ուղղակի կբերեն Քոչարյանի կամ այլ ուժերի ուժեղացմանն ու մուտքին հայաստանյան քաղաքական դաշտ, այսօրվա իրավիճակին համահունչ չէ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Ռուսաստանում նախագահի պաշտոնում Պուտինի առաջադրման մասին, կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ այսօր կայացած «Եդինայա Ռոսիա» կուսակցության համաժողովի ընթացքում Պուտինը Մեդվեդևին առաջարկել է գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը, ինչին վերջինս համաձայնություն է տվել՝ փոխարենն առաջարկելով Պուտինի թեկնածությունը նախագահական ընտրություններում և նշելով, որ ինքը կվերադառնա կառավարություն:
Արամ Կարապետյանը նկատեց, որ Ռուսաստանում կատարված այս քաղաքական վերադասավորումը շատ սպասելի էր: Նա նաև նկատեց, որ այս իրադարձությունից հետո Հայաստանում էլ կսկսեն քոչարյանական ուժերի կողմից հնչել գնահատականներ, վերլուծություններ, սակայն իր ունեցած տեղեկություններով և անձնական կարծիքով՝ այդ ամենը լինելու է PR. «Սակայն այդ PR-ն այդքան էլ չի օգնելու այդ ուժերին»:












































