Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նուբարաշենի հոգևոր հովիվ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց սեպտեմբերի 25-ին նշվելիք Վարագա Սբ. Խաչի տոնի պատմությունը, որը Հայ Առաքելական եկեղեցու տոնակարգի ամենասիրելի և հարազատ տոներից մեկն է:
Հռիփսիմյան կույսերը, վերադառնալով Հայաստան, Վարագա լեռան վրա հանդիպում են իրենց հալածողներին: Որպեսզի Սուրբ Խաչի մասունքը չընկնի իրենց հալածողների ձեռքը, նրանք ապահով վայրում` ժայռի վրա պահում են խաչափայտի մասունքը և ուղևորվում են Վաղարշապատ: 653թ. ճգնավորներից մեկը՝ հավանաբար Գլակավանքի վանահայրը, իր աշակերտի հետ գալիս է աղոթելու, որպեսզի գտնի սուրբ նշանը, հանկարծակի մի ձայն է լսվում, հեռվում սկսում են երևալ տասներկու լուսեղեն սյուներ: Այդ սյուների մեջ նաև մեկ լույս շատ վառ, և նրանք հետևում են այդ լույսին, հասնելով լույսին՝ մտնում են Սուրբ Նշան եկեղեցի և աղոթում են, որպեսզի Աստված ցույց տա իրենց սուրբ մասունքի գտնվելու վայրը:
Լույսը տասներկու օր շարունակ մնում է լեռան վրա և հեռվից տեսանելի է լինում շատ մարդկանց, որոնք ուխտի են գալիս, աշխարհականների և հոգևորականների հոծ բազմություն, որոնց մեջ է լինում նաև Թեոդոր նախարարի որդին, ով տվյալ ժամանակահատվածի կաթողիկոսն է լինում: Այդ ժամանակ այդ կաթողիկոսը մեծ շուքով նշում է Սուրբ Խաչի երևման տոնը՝ Վարագա Խաչի տոնը, և այնտեղ կառուցվում է վանական մեծ համալիր, նաև հորինվում է մի շարական, որը երգվում է մինչ այսօր: Հետագայում Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը, ով հենց Վանից էր,- Վարագա լեռը նույնպես Վանում է,- մեծ թափով զարկ է տալիս Վարագա լեռան մոտ տպարանի կառուցմանը, որը պետք է լիներ մեր ժողովրդի փարոսը, բայց, ավաղ, Մեծ Եղեռնի պատճառով չի կարողանում գործն ավարտին հասցնել: Սա է Վարագա Սուրբ Խաչին նվիրված տոնը:
Ինչպես տեղեկացրեց Նիկողոս քահանա Հովհաննիսյանը, տոնը տոնվում է սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին: Այդ տոնի հիման վրա Հայ Առաքելական եկեղեցին նաև նշում է խաչին նվիրված բազմաթիվ տոներ: Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոներ` Երևումն Սբ. Խաչի, Խաչվերաց, Գյուտ Խաչի և Վարագա Սբ. Խաչի տոնը:











































