Պակիստանի արտաքին գործերի նախարար Հինա Ռաբբանի Քահրը հայտարարել է, որ Վաշինգտոնը կկորցնի իր դաշնակից Պակիստանին, եթե շարունակի իր երկրին մեղադրել ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ:
Ինչպես նշում է BBC-ն, նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի մեղադրանքների պատճառով Պակիստանի կառավարությունը և ժողովուրդը դեմ են տրամադրվում այդ երկրի հանդեպ:
Միաժամանակ՝ Պակիստանի ներքին գործերի նախարարը նշել է, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջաններում ահաբեկիչներին հայտնաբերելու և ոչնչացնելու ուղղությամբ, և ԱՄՆ մեղադրանքներն անհիմն են:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը, ԱՄՆ գլխավոր շտաբի միացյալ կոմիտեի նախագահ, ադմիրալ Մայք Մուլլենը հայտարարել էր, որ Պակիստանի հետախուզական ծառայություններն աջակցություն են ցուցաբերում «Հաքքանի» ահաբեկչական կազմակերպությանը:











































