Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները երկրի արևմտյան հատվածում գտնվող Բոդրում հանգստավայրում ահաբեկչություն են կանխել։ Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են քուրդ ծայրահեղականին, որի մոտ հայտնաբերվել է 2 կիլոգրամ պայթուցիկ։
Դրանից հետո խուզարկություն է անցկացվել ձերբակալվածի իջևանած հյուրանոցային համարում, որտեղ, պայթուցիկ նյութի հետ մեկտեղ, հայտնաբերվել է նաև հեռակառավարվող պայթուցիկ սարք, որը գործի է դրվում բջջային հեռախոսի միջոցով։
Բացի այդ, հայտնաբերվել է 7000 դոլար և երկու կեղծ անձնագիր։ Ենթադրվում է, որ պայթյունից անմիջապես հետո կասկածյալը պետք է հունական կղզիների միջոցով ուղևորվեր Իտալիա։
Ձերբակալվածը նաև կասկածվում է 2011 թվականի օգոստոսին Անթալիայում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու մեջ։ Այն ժամանակ Կեմեր հանգստավայրում տեղի ունեցած պայթյունից տուժել էր 10 մարդ, այդ թվում նաև 7 ռուս։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին էլ ահաբեկչություն էր իրականացվել Անկարայի կենտրոնում, որի հետևանքով զոհվել էր 3 և վիրավորվել 34 մարդ։ Դրա պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը։











































