2013 թվականից փոխվելու է կոնյակի որակի վերահսկման դաշտը, կեղծարարության դեմ լուրջ պայքար է մղվելու: Արտադրողները սկսում են կոնյակի մեջ խաղող առավել շատ օգտագործել` նվազեցնելով սպիրտը: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, սա կնպաստի այնպիսի վիճակի ստեղծմանը, որ գնի թելադրողը կդառնա գյուղացին, միտումը կշարունակվի հաջորդ տարիներին, և խաղողի գինը կբարձրանա:
Ա. Հարությունյանն ասաց, որ արդեն 3-4 օր է` լայնածավալ մթերումներ են կատարվում. «Այս տարվա սեզոնն էապես տարբերվում է նախորդ տարիներից: Ունենք բեկում, նման վիճակ եղել էր նաև 1997-98 թթ., երբ փորձեցինք դուրս գալ առաջին ճգնաժամից, ու խաղողի պահանջարկը զգալիորեն ավելացավ: Հիմա նույնպես ճյուղի վերամշակողները խաղողի կարիք ունեն»:
Ըստ Ա. Հարությունյանի` ձմռանը առևտրում և 2012 թ. ապրիլ-մայիսին արտահանման պատվերներում աննախադեպ աշխուժություն է սպասվում:
Ա. Հարությունյանը նշեց, որ գինեգործների համար նոր դժվարություն է առաջ եկել` կոնյակի արտադրողները փորձում են նաև մտնել գինու շուկա, և պետական միջամտություն է հարկավոր` գինեգործների շահերը պաշտպանելու համար:











































