Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ ԳՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:
Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագիրն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ԾԻԳ-ի և «Հեյֆեր Հայաստանի» կողմից համատեղ:
Ինչպես նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ծրագրի իրականացումը կնպաստի մեր երկրում անասնապահության զարգացմանը: Այն նպատակ է հետապնդում բարձրացնել ՀՀ 6 մարզերի 55 լեռնային համայնքների արոտավայրերից օգտվող անասնապահական ուղղվածություն ունեցող տնտեսությունների արտադրողականությունը և կայունությունը` կաթի արտադրության ծավալների աճի, արոտավայրերի պատշաճ կառավարման և անասնապահական արտադրատեսակների վաճառքի ծավալների աճի միջոցով:
«Հեյֆեր Ինթերնեյշնլը» շահույթ չհետապնդող հումանիտար կազմակերպություն է, որի նպատակն է հաղթահարել սովն ամբողջ աշխարհում և հոգալ շրջակա միջավայրի մասին: Կազմակերպությունը տրամադրում է գյուղատնտեսական կենդանիներ, տնկիներ, ուսուցում և այլ միջոցներ` օգնելով կարիքավոր ընտանիքներին` դառնալու ինքնապավեն:
«Հեյֆեր Ինթերնեյշնլը» մուտք է գործել Հայաստան 1999թ.` առ այսօր իրականացնելով ավելի քան 45 ծրագիր Հարավային Կովկասում, աշխատել է 150-ից ավելի գյուղերում, օգնել 7000-ից ավելի ընտանիքների` կառուցել իրենց անհատական ֆերմերային տնտեսությունները: Ներկայումս «Հեյֆեր Հայաստանն» իրականացնում է 19 ծրագիր, որոնցից 17-ը՝ Հայաստանում, 2-ը` Վրաստանում:











































