Փարիզում ավարտվում է ամառային օլիմպիադան, որը ստացվեց բավականին սկանդալային: Ընդ որում, սկանդալային ոչ թե մարզական, այլ քաղաքակրթական իմաստով, ստանալով նաեւ քաղաքական երանգներ: Խոշոր հաշվով, փարիզյան ամառային օլիմպիադան բավականին ընդգծեց մի քաղաքակրթական հարց՝ աշխարհակարգային բազմաշերտ դիմակայության այս պատմական շրջափուլում:Հարցը հետեւյալն է՝ ո՞վ որտեղ է դիրքավորում իրեն:
Սա մի կողմից հռետորական, փիլիսոփայական հարց է, սակայն մյուս կողմից թերեւս նաեւ զգալիորեն առարկայական եւ շոշափելի, որովհետեւ օլիմպիադան այդ իմաստով կարծես թե կամա, թե ակամա քաշված մի գիծ էր՝ այս, թե այն կողմ հարցադրումով: Իհարկե այդ հարցադրումը գուցե պետք չէ հենց բառի բուն իմաստով էլ ընկալել, ըստ այդմ այդ ընկալմանը համահունչ էլ անել սեւ-սպիտակի, կամ չարի ու բարու եզրահանգում, դիրքավորվելով այդպես, բայց բոլոր դեպքերում անկասկած է, որ Փարիզը քաշեց բավականին շոշափելի գիծն ու սրեց խնդիրը:
Արեց դա Ֆրանսիան միանգամայն գիտակցվա՞ծ, թե՞ ստացվեց ակամայից, պարզապես իրողությունների, դեպքերի, հոգեբանության եւ մտածողության բերումով, շատ բարդ է ասել: Բայց, որ քաշվեց գիծն ու սրվեցին հարցադրումներ՝ անկասկած է: Դրան զուգահեռ, Ֆրանսիան ինքն էլ թերեւս ունի իր իսկ քաշած «գծից» բխող կամ դրանց համատեքստում առկա մի շարք հարցերի պատասխանելու, կողմնորոշվելու, հստակվելու կամ դիրքավորվելու անհրաժեշտություն, այդ թվում նաեւ մեր ռեգիոնում՝ Կովկասում, ինչը թերեւս մեր մաշկին առավելագույնս մոտ ասպեկտն է, որ հետաքրքրում է Ֆրանսիայի համաշխարհային վարքագծի առումով:
Օրերս եղավ տեղեկություն, որ առաջիկայում Իրանում հնարավոր է Հայաստանի, Հնդկաստանի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպում, որոնք կքննարկեն Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու հեռանկարները, մասնավորապես իրանական Չաբահար նավահանգստի հնարավորությունների օգտագործման համատեքստում: Հնդկաստանն ու Իրանն այդ երթուղին դիտարկում են Միջին միջանցքի «մրցակից» գաղափար, այդ կերպ փորձ անելով կանխել Կովկասում Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության աճը, որ անխուսափելի է Միջին միջանցք կոչված գաղափարի իրագործման պարագայում:
Իսկ այդ գաղափարը անթաքույց կերպով փորձում է առռաջ մղել արեւմտյան առաջատարը՝ Միացյալ Նահանգները, իսկ էական շահառուներից է նաեւ Բրիտանիան: Որտե՞ղ կդիրքավորվի Ֆրանսիան, երբ մի կողմում նրա եվրաատլանտյան գործընկերներն են, մյուս կողմում սակայն այդ գործընկերների մոտեցումների «առաջնագծում» Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության աճի հեռանկարը, ինչը Ֆրանսիայի համար գործնականում նշանակելու է ընդհուպ աշխարհաքաղաքական ազդեցության անխուսափելի նվազում: Օլիմպիական խաղերն անցան, մինչդեռ Կովկասի համար մեծ խաղը նոր է թափ հավաքում:








































