«Ռուսաստանյան լրատվամիջոցը գրում է, որ եթե Իսրայելի եւ Թուրքիայի ներկայիս հարաբերությունները եւ վերջին տասնամյակում Թուրքիայի իրականացրած ռազմագործողությունները համադրվեն, ապա կարելի է ասել, որ Իսրայելի դեմ պատերազմ սկսելու համար Անկարան օպտիմալ հնարավորություններ ունի»։
Մոտ մեկ ամիս առաջ Բաքվի մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ստամբուլում եւ այլ քաղաքներում Ադրբեջանի Socar պետական ընկերության գրասենյակները թուրք ազգայնականների կողմից հարձակման են ենթարկվել, ոստիկանությունը միջամտել է ուշացումով։ Ցուցարարները պահանջել էին, որ Ադրբեջանը դադարեցնի Իսրայելին նավթի մատակարարումը։
Թուրքիան պաշտոնապես արգելել է Իսրայելին ավիաբենզինի վաճառքը։ Հավանական է, որ Էրդողանի «մենք մտել ենք Ղարաբաղ» հայտարարության Բաքվի «քաղաքավարի հերքումը» պայմանավորված է նաեւ դրանով։
Regnum-ը «նրբանկատորեն» շրջանցում է «Ղարաբաղ մտնելու» հարցում Թուրքիային Ռուսաստանի աջակցությունը, բայց հիշեցնում է, որ 2018թ. թուրքական ուժերը Սիրիայի Աֆրին քաղաք են մտել «Ռուսաստանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ», եւ շարունակում, որ Էրդողանն, իհարկե, Իսրայելին ուղղակի պատերազմ չի հայտարարի, բայց «Գազայում դեսանտ իջեցնելու հավանականությունը մեծ է»։
Դրա համար երկու տարբերակ կա՝ ծովից եւ Եգիպտոսի տարածքից։ Իսրայելա-թուրքական լարվածության սկիզբ համարվում է շրջափակված Գազա մարդասիրական օգնություն հասցնելու Թուրքիայի փորձը, երբ «Մավի Մարմարա» նավի ստուգման ժամանակ իսրայելական ուժերը կրակ էին բացել եւ սպանել մի քանի թուրք նավաստիների։ Այդ պատճառով ավելի քան մեկ տասնամյակ Թուրքիան եւ Իսրայելը դիվանագիտական հարաբերությունները խզել էին։
Թուրքիան կկրկնի՞ «խաղաղության քարավանի» այդ փորձը, թե՞ կընտրի Եգիպտոսի հետ պայմանավորվելու եւ նրա տարածքով Գազայի հատված զորախումբ մտցնելու տարբերակը։ Ռուսաստանյան լրատվամիջոցը, որը աֆիլացված է ԱԳՆ-ի եւ հատուկ ծառայությունների հետ, ամեն դեպքում խորհուրդ է տալիս Էրդողանի հայտարարությանը լուրջ վերաբերվել։
«Սիրիա եւ Լիբիա մտնելուց առաջ Էրդողանը մի քանի անգամ զգուշացրել է, բայց նրա հայտարարություններն ընկալվել են որպես պարծենկոտություն,» — նկատելի է տալիս մեկնաբանության հեղինակը։ Իսրայելա-պաղեստինյան կարգավորման ԱՄՆ նախաձեռնության վերջնական տապալումն, անշուշտ, նվեր կլինի ոչ միայն Թուրքիայի, այլեւ առաջին հերթին Ռուսաստանի համար։
Բայց Էրդողանն իրոք կգնա՞ ԱՄՆ հետ բաց դիմակայության, կվտանգի՞ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը։ Ադրբեջանցի գրեթե բոլոր փորձագետները 2021թ. Էրդողան-Ալիեւ Շուշիում ստորագրած հռչակագիրը գնահատել են որպես Ռուսաստանի կողմից Ադրբեջանի դեմ ցանկացած ճնշման հակակշիռ, Բաքվի ինքնիշխանության երաշխիք։
Ալիեւը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանի նախագահի հետ եւս մեկ հանդիպում կունենա, եւ Մոսկվա-Բաքու հարաբերություններում այլեւս ոչ մի խնդիր չկա։ Ասվածն անուղղակիորեն նշանակում է, որ նա այլեւս Էրդողանի հովանավորության կարիքը չունի։ Ալիեւը, կարծես, ակնարկել է, որ, ընդհակառակը, ինքը կարող է Էրդողան-Պուտին երկխոսության միջնորդ լինել ու նաեւ նպաստել Իսրայելա-թուրքական լարվածության թուլացմանը։
Տեսականորեն, գուցե, այդպես հնարավոր է։ Բայց Էրդողանը, հավանաբար, այդ «նվերը» չի ընդունում, քանի որ դա նրան «գահազրկում» կարժենա։ Երեւում է՝ «թուրքական աշխարհի կաթսայում երկու գլուխ չի եփվում»։ Իսկ դեռ քանի՞ «գլուխ» կարող է հայտնվել, եթե Էրդողանի «գահը երերա»,՝ դժվար չէ կանխատեսել։ Կենտրոնական Ասիայում ոչ պակաս ամբիցիոզ առաջնորդներ կան՝ Տոկաեւ, Միրզիեեւ, Ժապարով…











































