Այսօր ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Կոնգրեսի կազմակերպած ընդունելությանը ՀՀ Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը թեև իր ելույթի սկզբում նշեց, որ որոշել էր ելույթ չունենալ, որովհետև նախ արդեն չորս տարի է` ինքն անընդհատ ելույթներ է ունենում, երկրորդ`անկեղծորեն խոստովանեց, որ հանդիսավոր արարողություններ չի սիրում, մանավանդ՝ այսպիսի լսարանի առջև.
«Դուք այն մարդիկ չեք, որոնց պետք է բացատրեմ անկախության կարևորությունը, նշանակությունը, արժեքը, որովհետև դուք այս ամենն իմացել եք անկախությունից առաջ, և դուք եք կերտել այդ անկախությունը: Եթե պետք է ինչ-որ մարդկանց բացատրել այս ամենը, այդ մարդիկ այստեղ չեն, առավոտյան գտնվում էին կենտրոնական հրապարակում, մարդիկ, ովքեր ոչ միայն ոչ մի կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլև նրանցից շատ-շատերն ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ, և այսօր բեմերից, հեռուսատեսություններից այնպիսի ճառեր են ասում, կարծեք իրենք են կերտել այդ անկախությունը, սրանով մեկ անգամ ևս պարզապես պղծում են այդ սուրբ գաղափարը: Դուք բախտավոր սերունդ եք, որովհետև պատմության մեջ շատ քիչ սերունդների է հաջողվում վերականգնել պետականությունը և անկախություն ձեռք բերել»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով`անկախության վերականգնումից քսան տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առաջ. մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը, որովհետև այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են Հայաստանը, հոգու խորքում իրենց անկախ չեն զգում, այսօր էլ նրանք իրենց համարում են օտարների ճորտ, և մինչև Հայաստանը այդ իշխանություններից չազատվի, լիարժեք անկախություն չենք ունենալու. «Ուրեմն՝ ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել մեր անկախությունը»,- իր ելույթը եզրափակեց Առաջին նախագահը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին պաշտոնապես սկիզբ դրվեց մի գործընթացի, որի արդյունքում 1991 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախ պետություն հռչակվեց, 2007 սեպտեմբերի 21-ին պաշտոնապես սկիզբ դրվեց մի գործընթացի, որի արդյունքում պետք է հռչակվի ՀՀ քաղաքացիական անկախությունը.
«Ի վերջո, մեր համաժողովրդական շարժումն սկսվել է այդ օրվանից, երբ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին, և ես ընկալում եմ, որ տվյալ քաղաքական պրոցեսի արդյունքում պետք է վերահաստատել ՀՀ քաղաքացիական անկախությունը և ինքնիշխանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այսօր ՀՀ հպարտ քաղաքացին ունի մի օջախ, այդ օջախը Ազատության հրապարակն է.
«Սերժանտական իշխանությունը մեզ չի կանգնեցնի ո՛չ մարտի մեկերով, ո՛չ ահաբեկելով, մենք կազմաքանդելու ենք այս անբարո ավազակապետությունը:
Շնորհավորում եմ մեզ բոլորիս:
Շնորհավորում եմ մեր հաստատակամությունը, վճռականությունը:
Կեցցե՛ ազատությունը, կեցցեն՛ մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:










































