Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան Բաքվում մասնակցել է Gas Infrastructure World Caspian խորագրով կոնֆերանսին, որի մասնակիցների համար ընթերցել է էներգետիկ գծով եվրակոմիսար Գյունթեր Օթթինգերի ուղերձը։
Դրանում Օթթինգերն ընդգծել է, որ Կասպյան տարածաշրջանում ԵՄ-ը հենվում է Ադրբեջանի հետ համագործակցության վրա. «Մեր հարաբերությունները մշտապես զարգանում ու ամրագրվում են։ Եվրոպայում գազի պահանջարկն աճում է, և մենք կասպյան երկրները դիտարկում ենք որպես Եվրոպային «կապույտ վառելիքի» մատակարարման կարևոր աղբյուր։
Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո Եվրոպան սկսել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել գազին։ Դրա համար էլ Եվրոպային անհրաժեշտ են գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ։ Ներկայումս Եվրոպան գազ է ներկրում Նորվեգիայից, Ռուսաստանից և Ալժիրից։
Սակայն մենք շահագրգռված ենք այլընտրանքային երթուղիների բացմամբ, և այդ տեսանկյունից Կասպյան տարածաշրջանն ունի կարևոր նշանակություն։ Մենք պլանավորել ենք Հարավային միջանցքով Եվրոպա ներկրել 90 միլիարդ խորանարդ մետր գազ։ Կասպյան տարածաշրջանի գազային պաշարները շատ ավելի մեծ են, քան՝ Ռուսաստանինը։ Մենք ավելի շատ ջանքեր ենք թափելու Հարավային միջանցքի ամրագրման ու զարգացման համար։
ԵՄ-ի 27 երկրներ համաձայնել են Անդրկասպյան գազամուղի կառուցման շուրջը Եվրահանձնաժողովի կողմից բանակցություններ ձեռնարկելուն։ Հարավային միջանցքի իրագործումը ԵՄ-ի համար դառնում է առաջնահերթ»։
Հիշեցնենք, որ «Հարավային միջանցք» նախագծի մեջ են մտնում Nabucco, Տրանսադրիատիկ (TAP), ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա), «Սպիտակ հոսք» (Վրաստան (Բաթում)-Ուկրաինա) գազատարները:
Ի դեպ, վերջերս Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հայտնաբերվեց խոշոր գազային հանքավայր, որից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ իր ապացուցված գազային պաշարները հասան 2.55 տրիլիոն խորանարդ մետրի։











































