ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը «Առաջին լրատվականի» հարցին, թե հաջորդ 20-ամյակի ՀՀ տնտեսական նվաճումը ո՞րը պետք է լինի, պատասխանեց. «Չեմ կարող հստակ ասել: Կարող եմ ասել, որ մենք քայլ առ քայլ պետք է մոտենանք եվրոպական չափանիշներին մեր տնտեսության վարման բնագավառում, պետք է ունենանք ակտիվ, դինամիկ զարգացող տնտեսություն, գերիշխող դիրքերի էական նվազեցում, պետք է ունենանք նաև տնտեսություն, որը դիմացկուն պետք է լինի հնարավոր տարբեր մարտահրավերներին: Խոսքս վերաբերում է առաջին հերթին ճգնաժամերին, որոնք այս կամ այն ուժգնությամբ, ցավոք, դեռ անխուսափելի են»:
Գ.Մինասյանի կարծիքով՝ առաջիկայում պետք է ձգտենք, որ տարածաշրջանում ունենանք ամենամրցունակ արդյունաբերությունը, որովհետև այլ բնական ռեսուրսներ ՀՀ-ն չունի, չունի ելք դեպի ծով, և միայն այդ պարագայում երկրի տնտեսությունը կարող է դառնալ մրցունակ: Պատգամավորի խոսքով, ՀՀ ճանապարհային ծախսերը միշտ մնալու են ավելի բարձր, քան նրա հարևաններինը, և ՀՀ առավելությունը պետք է լինի ավելի մրցունակ, ավելի դինամիկ, շուկայի պահանջներին ավելի արագ արձագանքող տնտեսությունը:











































