Մերձավոր Արևելքի, Իսրայելի, Լիբիայի և Եվրամիության նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության մասին «Առաջին լրատվականը» զրուցեց թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ:
«Թուրքիան՝ Դավութօղլուի և Էրդողանի գլխավորությամբ, փորձում է Մերձավոր Արևելք մտնել որպես առաջնորդ, և այդ կոնտեքստում շատ հետաքրքիր է նրա քաղաքականությունը, որովհետև նա, ճիշտ հաշվարկ անելով, որոշեց, որ 22 արաբական երկրների հետ լավ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան Իսրայելի հետ հարաբերությունները: Իսրայելի հետ փչացնելով հարաբերությունները` գնաց և արաբական երկրների առաջնորդ դարձավ: Այսինքն` արաբական երկրները սկսեցին նրան երկրպագել: Մինչ այդ միայն Իրանն էր քննադատում Իսրայելին, և արաբական երկրները Իրանին էին դիտարկում որպես արաբական երկրների շահերի պաշտպան:
Սա ավելի ուժեղացավ, երբ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ապագան հարցականի տակ դրվեց, ինչպես նաև միջազգային տնտեսական ճգնաժամը հարվածեց Եվրոպային, և Թուրքիայի կապերը, շահերը Մերձավոր Արևելքում շատ ավելի հաստատվեցին: Այս ամբողջ կոնտեքստում էլ պետք է դիտարկել թե՛թուրք-իսրայելական օրեցօր վատթարացող հարաբերությունները, թե՛ թուրք-եվրոպական ոչ նախկին ջերմությունն ունեցող հարաբերությունները»:
Ինչ վերաբերում է Լիբիային, Եգիպտոսին և այլ երկրներին, ապա, ըստ թուրքագետի, «արաբական գարունը», բնականաբար, խախտեց Էրդողանի պլանները, որովհետև Էրդողանը շատ լավ հարաբերություններ ուներ այդ երկրների նախկին ղեկավարների հետ:
«Բայց ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ Թուրքիան կրկին պահպանեց իր ակտիվությունը, և Էրդողանը, Սարկոզիի հետ հավասար, պաշտոնական այցերով գտնվում էր այդ երկրներում (Եգիպտոս, Թունիս, Լիբիա.- 1in.am)` ցույց տալով, որ Թուրքիան ողջ ԵՄ-ին հավասար արտաքին քաղաքականություն է վարում այդ տարածաշրջանում»:









































