Այսօր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում հաստատել է, որ սեպտեմբերի 21-ի տոնական զորահանդեսին մասնակցելու են նաև ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները:
Միևնույն ժամանակ, նախարարի խոսնակը հերքել է տեղեկությունները, թե ռուս զինծառայողները Ռուսաստանի դրոշը պարզած են հրապարակ մտնելու: Կարապետյանի խոսքով` հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների կողքին ռուսական ռազմակայանի զինծառայողները ևս հայկական եռագույնի ներքո հանդես կգան:
«Սրա խորհուրդը թերևս այն է, որ այդ ռազմակայանը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը, և այս իմաստով այդ ռազմակայանի զորախմբի մասնակցությունը թերևս խորհրդանշում է պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը: Այստեղ շահարկումների համար որևէ հիմք չկա»,- ասաց Դավիթ Կարապետյանը:
Ավելի ուշ, երբ լուրն արդեն արտատպվել էր մեր կայքում, «Ազատություն» ռադիոկայանից փոխանցեցին, որ ՊՆ-ն հերքել է վերոնշյալ տեղեկությունն այն մասին, իբր ռուս զինվորները զորահանդեսին մասնակցելու են հայկական դրոշի ներքո: Ինչպես և սպասվում էր, Հանրապետության հրապարակում այդ օրը այնուամենայնիվ կծածանվի Ռուսաստանի եռագույնը:
Հիշեցնենք, որ երեկ հասարակական լուրջ քննարկումներ են սկսվել այն բանից հետո, երբ զինվորական շքերթի փորձի ժամանակ ռուսական սահմանապահների մի ստորաբաժանում հրապարակ է մտել Ռուսատսանի դրոշը պարզած: Դրանից հետո ստեղծվել էր խումբ, որը պատրաստվում էր այդ կապակցությամբ իր դժգոհությունը հայտնել սեպտեմբերի 21-ին կազմակերպելով բողոքի երթ:









































