«Հայաստանը երբևէ անկախ չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` խոսելով Հայաստանի անկախության մասին: «Հայաստանը անկախ չի եղել, անկախության հետ պետք է լինի ժողովրդավարություն, որը չկա, ապրուստի միջոցներ, որոնք նույնպես չկան»,- մեկնաբանեց կուսակցության նախագահը` հավելելով, որ սա չէ մեր երազած անկախությունը: Նա նաև նշեց, որ մերժել է սեպտեմբերի 23-ի հավաքին մասնակցելու հրավերը:
Տիգրան Կարապետյանը համարում է, որ պետության քաղաքական դաշտը սկզբունքային չէ: «Ելնելով իշխանության վերաբերմունքից` քաղաքական միավորները ձևավորում են իրենց գործընթացները: Եթե ամեն բան նորմալ է ընթանում, ասում են, որ կառուցողական են, իսկ հակառակ դեպքում` արմատական»,- ասաց Ժողովրդական կուսակցության նախագահը` միակ սկզբունքային և արմատական քաղաքական միվորը համարելով Ժողովրդական կուսակցությունը:
Անդրադառնալով Հայաստանի քաղաքական զարգացումներին` Կարապետյանն ասաց, որ այժմ ՀԱԿ-ը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են պայքարում քաղաքականության մեջ իրենց երկրորդ տեղի համար: « ՀԱԿ-ը չի ցանկանում պարզապես մտնել խորհրդարան, այլ ցանկանում է դառնալ երկրորդ քաղաքական ուժը»,- վերլուծեց բանախոսը`ընդգծելով, որ եթե վճռական քայլ արվի, ապա ինքը կմիանա ՀԱԿ-ին: «Ես կմիանամ այն դեպքում, երբ իշխանափոխություն լինի, բայց դրան չեմ հավատում, քանի որ ՀԱԿ-ը շատ անգամ է իշխանությանը ժամկետներ առաջարկել, ինչպես հիմա՞»,- ասաց Տ. Կարապետյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է ձևավորել Ազգային ճակատ, որն արդեն ընդգրկում է մոտ տասնյակ հասարակական կազմակերպություններ: «Սեպտեմբերի 23-ին լինելու է համաժողով, իսկ հոկտեմբերի 14-ին` հանրահավաք»,- ասաց կուսակցության նախագահը`հավելելով, որ մասնակցելու է ընտրություններին, քանի որ հասարակությունը պետք է այլընտրանք ունենա,իսկ այլընտրանքը, բանախոսի փաստմամբ, Ժողովրդական կուսակցությունն է:









































