Խոսելով ՀՀ 20-ամյա անկախությանմասին` ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ ինքը կողմ է, որ Խորհրդային Միության ԿԳԲ-ի փաստաթղթերը բացվեն, քանի որ դեռևս կան մութ կողմեր, չնայած նկատեց, որ մարդիկ` հանձինս իրեն, կենդանի են և պատմում են այդ մասին: Վախ եղել է նաև իրենց ընտանիքում, հայրը, մայրը ևս վախենում էին, թե ինչպես կարելի է անկախություն պահանջել Խորհրդային Միության տարիներին: Միաժամանակ` Զոհրաբյանը նկատեց, որ չվախեցողներին հանգիստ չթողեցին և արտաքսեցին Սիբիր: Իրենց մաշկի վրա են զգացել դժվարությունը, ավելին` աքսորում լինի, ճամբարում լինի` համբերությամբ տարել է այդ դժվարությունները, քանի որ երկրի համար է արել:
Պատասխանելով բացթողումների մասին հարցին, նա նշեց, որ, պահանջելով անկախություն, իրենք` գաղափարախոսները, չեն պատկերացրել, որ միանգամից «եվրոպական արժեքներին համահունչ են դառնալու»: Դժվարությունը Խորհրդային Միության տնտեսությունից լիբերալ տնտեսության անցնելն էր, անսպասելի պատերազմը և այլն, և այլն:
Զոհրաբյանի խոսքերով` ճիշտ չի լինի ասել, որ ինքը դժգոհ է: Մեր ժողովուրդը ատամները սեղմելով կարողացավ հաղթահարել ամեն ինչ: Ըստ նրա` «տասը-քսան տարի հետո մեր երեխաներն ավելի լավ են ապրելու, քան մենք»:
Քաղաքական մշակույթի մասին խոսելով` Զոհրաբյանը նշեց, որ բազմակուսակցություն, բազմակարծություն ունեցանք:
«Իսկապես, խորհրդարնում պետք չեն մարդիկ, ովքեր օրինաստեղծ աշխատանքով չեն զբաղվելու»,- ևս մեկ անգամ վերահաստատեց օրեր առաջ իր ասածը: Ինչ վերաբերում է մումիաներին, նա ասաց, որ ասելիս նշել է, որ հումոր է, բայց «հումորը հանել են, մնացել է մումիան»: «Մումիաներ չկան, դրանք շատ թանկ են և բուրգերում են պահվում, հետևաբար ոչ ոք իրենց չի տա, որ տանեն ԱԺ»,- ավելացրեց Ռազմիկ Զոհրաբյանը:
Խոսելով ընդդիմության այն հայտարարության մասին, թե առաջիկա հանրահավաքը լինելու է վճռորոշ, նշեց, որ չի հիշում մի դեպք, որ ՀԱԿ-ը չասի, թե հանրահավաքը վճռորոշ չէ:
Նա նկատեց, որ երկխոսության արդյունք է նաև այն բանի, որ ընդհարումներ չկան: Ըստ Զոհրաբյանի` երկխոսությունն այսպես, թե այնպես շարունակվում է, բայց այլ հարթակում: Օրինակ` Օպերայի հրապարակում:
Ռազմիկ Զոհրաբյանն ավելացրեց, որ երկխոսությունը տանում է խորհրդարանական ընտրությունների, նախագահական ընտրությունների: «Մենք կողմ եք նրանց պահանջներին, բայց ամեն ինչ իր ժամանակին կլինի: ՀԱԿ-ին կոչ եմ անում երկխոսությանը մասնակցել, շարունակել»,- առաջարկեց նա, բայց միաժամանակ նկատեց, որ արտահերթ ընտրությունների հիմքեր չի տեսնել:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, որ ՀԱԿ-ը կոչ անի հանրահավաքից հետո ժողովրդին տուն չգնալ, նա նշեց, որ ժողովրդի անունից խոսելիս պետք է համեստ լինել, քանի որ տեսան վերջին հանրահավաքի ժողովրդի թիվը:
Այն, որ ռուսական զորքերը վաղվա զորահանդեսին իրենց դրոշով կմասնակցեն, Ռազմիկ Զոհրաբյանը զարմանալու ոչինչ չի տեսնում, քանի որ մենք ունենք պայմանագիր նրանց հետ, և նրանք պաշտպանում են մեր անվտանգությունը: «Դուք կարծում եք, որ երբ մեր անվտանգությունը պաշտպանում են դա նսեմացուցիչ չէ, մասնակցելը նսեմացուցի՞չ է: Այ, եթե ամբողջ ռուսական զորքը մասնակցեր դա նսեմացուցիչ կլիներ»,- եզրափակեց Ռազմիկ Զոհրաբյանը:









































