«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը հունահայ մտավորական Վարուժան Գնունին է:
– Պարոն Գնունի, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քսանամյա անկախությունը:
– Երկու օրից նշելու ենք անկախության քսանամյակը: Սակայն որևէ գնահատական տալուց առաջ ես կուզեի բարոյական իմաստով իմ պարտքը և հարգանքը տալ բոլոր այն մարդկանց, որ զոհվեցին արցախյան պատերազմի ժամանակ: Սա պետք է մեզ համար սրբություն լինի: Ճիշտ է, միայն արցախյան պատերազմը չէ մեր անկախության, մեր երրորդ հանրապետության արևելքը, սակայն եթե արցախյան պատերազմում մենք չունենայինք անհրաժեշտ դիմադրությունը, հարցական կլիներ ինձ համար, թե որքանով մենք կկարողանայինք անկախանալ: Անկախությունը կերտում են հերոսները, վայելում են` նրանց հաջորդները, սակայն պետք է ասեմ՝ ափսոս, որ մեր իրականության մեջ, մանավանդ 1999-ից հետո, մաֆիոզների խմբակն է շահագործում է մեր անկախությունը: Չգիտեմ` այսօր մենք որքանով ենք անկախ, քանի դեռ մեր շատ կարևոր հաստատությունները ծախել ենք օտարներին, մանավանդ` էներգիան, երկաթուղին և այլն: Այս պայմաններում անկախության դիմագրավումը հարցական է: Սակայն պետք է հիշենք նաև, որ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում եղան հատվածներ, որ մեծ ուրախությամբ չընդունեցին անկախությունը:
Պետք է հիշենք, որ այդ սկզբնական տարիներին ժողովրդի մեջ տիրում էր խանդավառություն և միասնական ոգի, ափսոս, որ մեր իշխանությունները չկարողացան այդ գեղեցիկ երևույթը ազգային բարոյական հիմնադրամի վերածել:
Անկախության տարիներին կրոնի ազատություն եղավ, կարողացավ մեր ժողովուրդը անկախ և անվախ հաճախել եկեղեցի: Վազգեն Առաջին կաթողիկոսին և Գարեգին Առաջինին հակառակ` այսօրվանը քանդում է Հայ Առաքելական եկեղեցին: Մեր եկեղեցու կառույցը ժողովրդավարական է, բայց սա կղերապետական է դարձնում: Սա հեռացնում է երիտասարդությանը եկեղեցուց: Նկատի ունենալով, որ Սփյուռքի համայնքները կառուցված են եկեղեցական առաջնորդարանների վրա, նշանակում է, որ ազգային ներկայացուցչության տեսակ են: Պետք է հիշենք, որ երբ երիտասարդը չի հանդուրժում այս կղերապետությունը, հեռանում է եկեղեցուց` հեռանալով նաև հայությունից: Սա խնդիր է, որին չեն անդրադառնում: Այսօրվա իշխանությունը երկու ձևով է ուզում իշխել սփյուռքի վրա, մեկը` եկեղեցական առաջնորդների, մյուսը` դեսպանատների միջոցով, իսկ դա չի կարելի հանդուրժել: Մենք հայ ենք, բայց ուզում ենք նաև մեր համայնքների անկախությունը: Այսօրվա Սփյուռքի նախարարությունը գրավում է անցյալի Սփյուռքի կոմիտեի տեղը:
– Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ամեն ինչ արե՞լ է այս քսան տարիների ընթացքում, որ դառնա նաև սփյուռքահայերի հայրենիքը:
– Այսօր ոչ թե սփյուռքահայության համար, այլ ամբողջ Հայաստանի ժողովրդի համար Հայաստանը ամբողջի իշխանությունը չի դարձել, քանի որ ժողովուրդը լքում է և հեռանում: Մինչդեռ ամեն մի միավոր Հայաստանի մի դրամագլուխ է, և մենք այդ դրամագլխից զրկվում ենք: Սակայն պետք է նշենք մի կարևոր իրողություն` երեք հոգանոց մի խմբակ` ես, Վարուժան Աթթարյանը, Ռոբերտ Այտապիրյանը, մեզ հետ ունենալով մի փայլուն մարդու` Պերճ Մսուրյանին, գործնական առաջարկություններ ենք արել բոլոր իշխանություններին, սկզբում մեր շատ սիրելի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նա ասաց, որ դեռ վաղ է, և ավելի ուշ, երբ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ դարձավ, նրա հետ մենք խոսեցինք, նա բոլոր մեր ասածները ընդունեց, մի քանի ամիս անց` 1998 թ. մայիսին, նա դարձավ նախագահ, այդ անգամ էլ իր նախագահական ապարանքի մեջ նույն բաները ասացինք, նա պատասխանեց. «Թողեք` մտածեմ», և դեռ խորհում է:
Այս բոլորը, ցավոք սրտի, սփյուռքահայության մեջ առաջացրեց մի խաբկանք, որովհետև սփյուռքահայությունը իսկապես հավատում էր մեր անկախությանը և այդ երազներով էր տարիներ շարունակ սնվել: Նա տեսավ, որ այս մեր անկախությունը շատ չի տարբերվում նախկին Սովետական միությունից, մանավանդ 1999-ի անկախությունը` նույն քաղաքականությունը, հարցերին նույն մոտեցումները: Եվ այս ուղղությամբ ընթանում է մինչ այսօր:
Հին դարերից սկսած՝ արևելահայի ու արևմտահայի տարբերակում կա: Արևմտահայերը արևելահայերին համարում էին երկրորդ կարգի հայ, քանի որ մշակույթը այստեղ զարգացած չէր, իսկ արևելահայերը նվազ հայ էին համարում արևմտահայերին: Այս մտածողությունը մեր ենթագիտակցության մեջ կա, և այս ուղղությամբ չեմ տեսնում որևէ գործունեություն, որ վերանա մեր միջից այս մտածողությունը, մենք մեկ ազգ ենք, բայց մեկ ժողովուրդ չենք: Սա նկատի ունենալով` շատ հեռու եմ համարում այսօր Հայաստանի` Սփյուռքի հայրենիք դառնալը:
– Ի՞նչն է պատճառը, որ նաև անկախացումից հետո կար սովետական մտածողությունը:
– Մեր այսօրվա ներքին քաղաքական կացությունը ազատության արգելակման մեջ է, և ոստիկանական կարգավիճակ է, ինչպես սովետի ժամանակ էր:
– Ի՞նչ խոչընդոտներ է ունեցել Հայաստանը անկախացման ճանապարհին այս վերջին քսան տարիներին:
– Առաջին հերթին արցախյան պատերազմն էր, և այս մեկը մենք հաղթանակով դիմագրավեցինք: Ժողովուրդը զրկված էր էլեկտրականությունից, ջերմությունից, ամեն բանից, կար սահմանների շրջափակում, որ մինչ այսօր էլ տևում է, սա կարողացանք դիմագրավել որոշ չափով, քանի որ կարողացանք դիմանալ:
Հաջորդը 1999-ի սպանդն էր: Սա կասեցրեց մեր անկախության առաջադիմությունը, քանի որ երկու մարդ` Կարեն Դեմիրճյանը, որը ժողովրդավարություն ուներ, մեծն Վազգեն Սարգսյանը, որը ուժն էր, այս երկուսի միացումը և բարոյական գետնի վրա նրանց սկզբունքների միացումը պիտի տային առաջիկայի առաջադիմության տվյալները: Սա մեծ դժբախտություն էր, և մինչև այսօր էլ հայտնի չէ, թե այս ամենի ետևում ով կար, ինձ համար հայտնի է, բայց փաստ չունեմ ձեռքիս, ունեմ միայն տվյալներ, որոնցով դժվար է հաստատել: Պատճառնե՞րը` երբ վերադարձավ Վազգեն Սարգսյանը ԱՄՆ իր պաշտոնական այցից, ասաց, որ հասկացել է մի բան, որ մենք մեկ հենարանով չենք կարող արցախյան հարցը լուծել, այսինքն` միայն ռուսներին ապավինելով չենք կարող, պետք է արևմուտքին էլ ապավինենք: Սա ռուսների ականջին լավ չհնչեց: Եվ երկրորդ` Վ. Սարգսյանի ու Կ. Դեմիրճյանի ընդհանուր միտքն էր, թե՝ մենք պատերազմը շահեցինք, հիմա պետք է ժողովրդի պայքարը շահենք, վերացնենք կաշառակերությունը, մաֆիոզությունը: Այս ամենն էլ ուրիշների ականջին լավ չհնչեց:
Արդեն 1999-ի սեպտեմբերին, երբ առաջին համահայկական ժողովը եղավ, իսկ ես կասեմ՝ «փառատոնը», դա ժողով չէր, այդտեղ երբ Քոչարյանը խոսեց, ոչ ոք կարևորություն չտվեց, իսկ Վազգենին հոտնկայս ծափահարեցինք: Եվ այս տարիներին հաջորդեց 2008-ի մարտի 1-ը: Սրանք էին այն դժվարությունները, որ հանդիպեցինք անկախացման ճանապարհին:
– Իսկ ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանը այս քսան տարիների ընթացքում:
– Պետք է հիշենք, որ մենք կարողացանք հիմնել պետականություն, որի համար պարտական ենք Լևոն Տեր-Պետրոսյանին և իր գործակիցներին: Պետականության ստեղծումը իր գործն էր անվարան: Երկրորդ` բանակի ստեղծումը, սա Վազգեն Սարգսյանի գործն է. բայց այս գործի մեջ Սփյուռքից էլ լուրջ ներդրում եղավ. առանց զենքի՝ բանակ չէր կարող լինել: Երրորդ` Սահմանադրությունը, գեղեցիկ Սահմանադրություն գրեցինք, բայց, ցավոք, մեր ոտքերով տրորում ենք, անտեսում են 1999-ից հետո բոլոր իշխանությունները: Իհարկե, լավագույն ձեռքբերումը, կրկնում եմ, արցախյան հաղթանակն է:
Արտաքին քաղաքականության մասին խոսելով` պետք է հարցնել, մենք ունե՞նք արտաքին քաղաքականություն, թե՞ ոչ, ռազմավարություն ունե՞նք, թե՞ ոչ: Մեր արտաքին քաղաքականությունը զուրկ է ռազմավարությունից, դրա համար էլ միշտ քարկոծվում ենք և վնասով ենք դուրս գալիս: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա այսօր հայ ժողովուրդը զուրկ է հիմնական մարդկային ազատություններից, խոսքի ազատություն գոյություն չունի, մեր ներքին քաղաքականությունը հիմնված է ոստիկանական անցյալի կառույցների վրա: Այս ձևով շատ ցավալի է մեր ներկայի վիճակը, չգիտեմ, թե ինչպես փառաբանելով պիտի տոնենք անկախության քսանամյակը:









































