Երեկ ԱԺ-ի բակում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին «Հրապարակ»-ը շնորհավորել է եղբոր որդու և քաղաքապետ Կարեն Կարապետյանի աղջկա` անցյալ կիրակի կայացած հարսանիքի առթիվ.
«Փաստորեն Դուք ազգակցական կապեր ունեք տարբեր իշխանությունների հետ, ինչպե՞ս եք հաջողացնում»։ Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Հարությունյանը բարեկամացավ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, ավելի վաղ բարեկամացել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ։ «Հայաստանում չեմ հանդիպել մի մարդու, որն ազգակցական կապեր չունի մնացած բոլորի հետ»,- հայտարարել է ՍԴ նախագահը։
Բայց հատկապես օրվա իշխանության հետ է հաջողվում խնամիանալ։ «Իսկ ո՞վ ասեց՝ օրվա իշխանության։ Դուք շատ վատ գիտեք ինձ, իմ ընտանիքը։ Հայրս, մայրս ունեցել են 56 թոռ ու ծոռ, և չկա հասարակության մեջ էդպիսի շերտ, որի հետ ես բարեկամական կապ չունենամ»։ Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ խնամիությունը հեռանկարայի՞ն է, Գ.Հարությունյանը պատասխանել է. «Երեխաներին հարցրեք։ Եթե իրար սիրում են, լավ ընտանիք կկազմեն, հեռանկարային է։
Ես իրենց ընտանիքին ճանաչում եմ վաղուց, և Կարենի միջոցով չէ, որ ճանաչում եմ։ Կարենի մաման եղել է համալսարանում իմ դասախոսը։ Նույնիսկ մայրական վերաբերմունք ուներ իմ նկատմամբ»:








































