Ղրղզստանի աշխատանքի նախարարությունը զգուշացրել է, որ երկրի քաղաքացիներին սոցիալական ցանցերի միջոցով փորձում են հավաքագրել Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նախարարությունը կոչ է անում չտրվել սադրանքներին:
«Ռուսաստանում աշխատանքի, սոցիալական ապահովության և միգրացիայի նախարարության ներկայացուցչությունն զգուշացնում է, որ սոցիալական ցանցերի և ճանաչում ունեցող մեսենջերների միջոցով տեղի է ունենում քաղաքացիների, այդ թվում՝ անչափահաս երեխաների ակտիվ հավաքագրում՝ Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գրոհներին մասնակցելու համար», – ասվում է Ղրղզստանի աշխատանքի նախարարության մամուլի ծառայության` մարտի 28-ին տարածված հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ հավաքագրողները հիմնականում գործում են ծանոթությունների կայքերի միջոցով, թիրախավորում են զոհերին՝ վերլուծելով նամակագրությունները տարբեր խմբերում՝ ըստ կրոնական, մշակութային, ազգային և այլ սոցիալական հատկանիշների, և շեշտը դնում խոցելի մարդկանց վրա, որոնք գտնվում են դեպրեսիայի մեջ կամ ինչ-ինչ դժվարություններ ունեն:
Ռուսաստանի տարածքում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ղրղզստանի քաղաքացիներին խնդրում են չտրվել տարբեր սադրանքների, սոցիալական ցանցերի միջոցով աշխատանքի չտեղավորվել, չմասնակցել տարբեր ակցիաների, ինչպես նաև հսկողություն իրականացնել երեխաների նկատմամբ։