Այսօր ռուսաստանցի օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին, որը գտնվում է բանտում և ազատության մեջ կլինի միայն 2017 թ., կրկին դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին` կոչ անելով չեղյալ հայտարարել կառավարման նախագահական ձևը: Հոդվածը տպագրված է Власть ամսագրում:
Խոդորկովսկին առաջարկել է Մեդվեդևին խորհրդարանին հանձնել կառավարություն ձևավորելու իրավունքը, իսկ խորհրդարանի վերին պալատը դարձնել ընտրովի մարմին` ավելացնելով մարզերի իրավասությունները:
Խոդորկովսկին հերքել է իրեն ձերբակալելու և ՅՈՒԿՈՍ-ը քանդելու այն վարկածը, թե իբր օլիգարխը ցանկացել է խորհրդարանական պետություն ստեղծելու գաղափարն ի կատար ածել: Սակայն Խոդորկովսկին չի հերքում, որ 2003 թ. իր ձերբակալությունից հետո «նախագահական կառավարման ձևը Ռուսաստանում դարձավ ավելի հրեշավոր»: «Սուպերնախագահական հանրապետության թերությունները ավելի ակներև են դառնում»,- գրում է Խոդորկովսկին: Նա ասել է, որ ներկայիս կառավարման ձևը հանգեցրել է կառավարման մյուս ինստիտուտների թուլացմանը, հատկապես` խորհրդարանի. «Մահվան շեմին է ֆեդերալիզմի գաղափարը: Նահանգապետերը, տեղական էլիտաների շահերը ներկայացնելու փոխարեն, քաղաքական ֆիգուրներից վերածվել են «մարզերի մենեջերների»,+ գրում է Խոդորկովսկին:
Նա դիմել է Մեդվեդևին` ասելով, թե վերջինս կարող է մնալ Ռուսաստանի պատմության մեջ՝ առաջիկա 6 տարիների ընթացքում իրականացնելով այս բարեփոխումները: «2018 թ. սուպերնախագահական պետություն չպետք է լինի»,- եզրափակել է Խոդորկովսկին:
Հիշեցնենք նաև, որ այսօր մի շարք իրավապաշտպաններ դիմել են ամերիկյան խորհրդարանականներին՝ Խոդորկովսկու հարցով ՌԴ դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդրով: Դիմողների մեջ են հայտնի դերասանուհի Լիա Ախեջակովան և ռեժիսոր Էլդար Ռյազանովը:









































