Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ռեգիոնում խնդիրների կարգավորմանը խոչընդոտում է այլ երկրների ներկայությունը: Ըստ նրա, ռեգիոնում խնդիրների լուծումներին լավագույն տիրապետողները Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանն են, «ոչ թե այլ երկրներ»: Իրանի դեսպանի բարձրաձայնած տեսակետը շատերին կարող է չլինել համակրելի, բայց այն գոյության իրավունք է ստացել հենց այն պատճառով, որ ռեգիոնում խնդիրների կարգավորման հանձնառություն ստանձնած արտառեգիոնալ երկրները ըստ էության այդպես էլ չեն կարողացել եւ չեն կարողանում փաստել, որ իրենք առավել արդյունավետ են Կովկասի կայունության եւ խաղաղության կառուցման հարցում, հակամարտությունների հավասարակշռված կարգավորման հարցում, քան այլ ձեւաչափերն ու երկրները:
Նրանց խանգարու՞մ են: Այո իհարկե, բայց այսօր բոլորը խանգարում են բոլորին, եւ ըստ էության այդպես է միշտ՝ աշխարհաքաղաքականությունը միմյանց խանգարելու մի մեծ գործընթաց է, որի «գինը» վճարում են ոչ թե իրար խանգարողները, այլ՝ այդ ամենի «ճանապարհին» հայտնվողները: Կամ, ավելի շուտ, ամենաթանկ գինն են վճարում այդ երկրները, որովհետեւ ի վերջո իհարկե գին վճարում են նաեւ աշխարհաքաղաքական մեծծ խաղի մասնակիցները: Այդուհանդերձ, 2021 թվականի դեկտեմբերից Կովկասի հակամարտությունների, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերության կարգավորման գործին ձեռնմուխ է եղել օրինակ Եվրամիությունը, զուգահեռ ներգրավվել են Ֆրանսիան, ԱՄՆ, Գերմանիան, այլ դերակատարներ՝ ուղղակի, թե անուղղակի: Հարց է առաջանում, ի՞նչն է եղել դրա արդյունքը:
Արցախի հայաթափումը, Ադրբեջանի ագրեսիվության աճը, իսկ հիմա՝ Հայաստանին ներկայացվող նոր վերջնագրերը: Մյուս կողմից, ինչի՞ են հասել ռեգիոնալ դերակատարները, օրինակ նույն Ռուսաստանն ու Իրանը, Թուրքիայի հետ: Մոսկվան ու Թեհրանը կարողացե՞լ են ապահովել հավասարակշռված ու կայուն ռեգիոն, արդյունավետ կարգավորում: Նրանց էլ այսպես ասած արտառեգիոնալ դերակատարնե՞րն են խանգարել: Այո իհարկե: Բայց, հարց է առաջանում, ինչ անել, որովհետեւ բեվեռները խանգարում են միմյանց, այդ հանգամանքից օգտվում է հակամարտության այսպես ասած ուժային կողմը, եւ Հայաստանի համար իրավւճակը դառնում է ավելի ու ավելի ճնշող: Մյուս կողմից, Հայաստանը չունի հնարավորություն կառավարել՝ կամ այս, կամ այն աշխարհաքաղաքական բեվեռի վարքագիծն ու նպատակները: Եվ ուրեմն, ի՞նչ պետք է անի Հայաստանը:
Հայաստանն ունի անելու մի բան. արտաքին ձեւաչափերի միջեւ արդյունավետ եւ ճկուն վարքագծի համար Երեւանին հարկ է հիմնարար լուծումների գալ ներքին թե քաղաքական, թե տնտեսական ինստիտուցիոնալ ձեւաչափերի հարցում, թե պետական կառավարման, թե հասարակական-քաղաքական կյանքում: Եթե Հայաստանը բեկում չապահովի այդտեղ, ակնկալել, թե Հայաստանի խնդիրները հավասարակշռված լուծում են ունենալու 3+3 կամ բրյուսելյան, վաշինգտոնյան, որեւէ այլ ձեւաչափում, մեղմ ասած մոլորություն է:










































