Տավուշում բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը արձագանքել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան: Իսկ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությանը. «Մենք հիմա կարող ենք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է սկսելու։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տեսնենք Երևանում, դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»:
Եվ ահա, Փաշինյանի այդ հայտարարությանը արձագանքում է Զախարովան. «Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը»: Ռուսաստանը բաց չի թողնում առիթը այսպես ասած արեւմտյան միջնորդական նախաձեռնությունները թիրախավորելու համար:
Սակայն, Ռուսաստանի այս մոտիվով հանդերձ, իրավիճակը պահանջում է հասկանալ, թե ինչպե՞ս է իրավիճակը հասել մի կետի, որտեղ փաստացի Հայաստանը հայտնվել է ադրբեջանական վերջնագրի առաջ՝ կամ վերադարձնում եք, կամ՝ պատերազմ: Եթե արեւմտյան հարթակները այդքան «փխրուն» էին գտնվելու ադրբեջանական վարքագծի առաջ, ապա դա չի՞ նշանակում արդյոք, որ այնտեղ ստացվել են միայն համաձայնություններ Հայաստանից, որոնք ի վերջո Հայաստանի համար վերածվել են թակարդի: Չէ՞ որ արեւմտյան հարթակների հետ աշխատանքի նպատակը պետք է լիներ այսպես ասած «եռակողմի» թակարդններից խույս տալը: Պարզվում է, որ Հայաստանը խուսափել է ոչ թե թակարդից ընդհարապես, այլ մի թակարդից ցատկել մյու՞սը:










































