2rd.am կայքի փոխանցմամբ, լույս է տեսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթների եւ հարցազրույցների ժողովածուն: Գիրքը տպագրվել է «Փրինթինֆո» տպագրատանը:
Գրքի առաջաբանի հեղինակն է 2005-2008թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
«Առկա խնդիրների ակունքները` անցյալի պատմական փաստերը «հարմարեցնելու» միջոցով գտնելու ձգտումը բավականին տարածված երևույթ է քաղաքականության մեջ, այդ թվում` նաեւ հայրենական: Այս գիրքը կօգնի բոլոր հետաքրքրվողներին ճիշտ պատասխաններ գտնելու շատ հարցերի, որոնք վերաբերում են նախագահ Քոչարյանի վարած ներքին, տնտեսական և արտաքին քաղաքականությանը:
Եվ թերևս ամենագլխավորը: Այս գիրքը ոչ միայն պարզապես Հայաստանի նորագույն պատմությանն առնչվող ամբողջական և արժեքավոր նյութ է: Սա պետական գործչի քաղաքական ծրագրերի հավաքածուն է, ճնշող մեծամասնությամբ կենսագործված: Շատ բան` այն ամենից, ինչի մասին խոսել է նախագահ Քոչարյանը տասը տարվա ընթացքում` տնտեսական նախագծերից մինչև արտաքին քաղաքական ծրագրեր, իրականացված է, և իրականացված է հաջողությամբ: Իրողություն, որ ժամանակի հետ ավելի ու ավելի մեծ արժեք է ձեռք բերում»,-իր խոսքն ամփոփում է առաջաբանում Վիկտոր Սողոմոնյանը:











































