Մարտի 15-ին Ադրբեջանում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում, երեք երկրների գործակցության ջձեւաչափի շրջանակում: Բաքվի նախարար Բայրամովը հայտարարել է, որ քննարկում են նոր իրողությունները, որոնք բացում են նոր հեռանկարներ: Նոր իրողությունների շարքում է օրինակ այն նոր շեշտադրումը եւ հավակնությունը, որ Կովկասի առնչությամբ ներկայացնում է Ֆրանսիան, եւ որի դեմ կանգնելու մասին հայտարարում է Բաքուն:
Ավելին, մինչ եռյակի արտգործնախարարները հանդիպում են Բաքվում, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ Ֆրանսիան ու Ադրբեջանը մրցակցում են Կովկասի առաջնորդության համար: Ինչպես արդեն արձանագրել եմ, սա լոկ ալիեւյան հավակնություն կամ աքլորություն չէ, այլ առնվազն Թուրքիայից պատվիրակված հավակնություն: Վրաստանն այստեղ հայտնվելու է թիրախում, քանի որ ռեգիոնում Ֆրանսիայի դերակատարման հարցում ունի հիմնարար նշանակություն: Ըստ այդմ, եթե որեւէ մեկը իր առաջ դրել է Ֆրանսիայի դերը «խցանելու» նպատակ, ապա այդ խցանումը պետք է առաջին հերթին ստեղծի հենց Վրաստանի միջոցով:
Ըստ այդմ, Ադրբեջանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ դրված է Վրաստանում «խցանում» առաջացնելու եւ Ֆրանսիայի հավակնությունների ճանապարհը փակելու խնդիր: Կասկածից վեր է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այդ հարցը Վրաստանի հետ գործակցության եռակողմ ձեւաչափում ստանալու է առավել առաջնահերթ նշանակություն: Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են վերցնել Թբիլիսին աքցանի մեջ եւ սեղմել այն: Ինչպես, ինչ մեթոդներով, ինչ միջոցներով եւ գործիքակազմով կանեն դա, հարցի մյուս կողմն է, սակայն ամենայն հավանականությամբ Բաքվում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը Անկարան եւ Բաքուն տվել են դրա մեկնարկը, ըստ այդմ Վրաստանի շուրջ բարդացող խաղի մեկնարկը:









































