Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ «Միջազգային Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» կազմակերպության տնօրենների միջազգային խորհրդի նախագահ Քեն Քլեյնի գլխավորած պատվիրակության հետ:
Զրույցի ընթացքում կաթողիկոսը գոհունակություն հայտնեց, որ «Հաբիթաթը» շարունակում է իր առաքելությունը Հայաստանում` կարիքավոր հայորդիների կյանքի բարվոքման համար: Այս առիթով Գարեգին Բ-ն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց կազմակերպությանը:
Իր հերթին պրն Քեն Քլեյնը շնորհակալություն հայտնեց Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու և կաթողիկոսի զորակցության և ծրագրին բերած մասնակցության համար:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:











































