Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի Յալթա քաղաքում մասնակցել է «Ուկրաինան և աշխարհը. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր ապագա» խորագրով 8-րդ կոնֆերանսին։
Իր ելույթում Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն աստիճանաբար ավելացնելու է իր դերակատարությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը կամ Մերձդնեստրը.
«Մենք սկսում ենք այդ տարածաշրջանների վստահության վերականգնման գործընթացը, և մեզ վրա ավելի լուրջ դեր ենք վերցնելու այդ խնդիրների լուծման համար։ Սակայն, բնականաբար, մենք մեկ օրվա ընթացքում ակնհայտորեն չենք փոխելու այդ խնդիրների լուծման շրջանակները»։
Հիշեցնենք, որ ներկայումս լուրեր են շրջանառվում, թե ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջատար միջնորդի դերում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին կարող է փոխարինել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով, ի դեպ, հոկտեմբերի 6-7-ը այցելելու է Հարավային Կովկաս։











































