Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Գորիում մասնակցել է Վրաստանի պաշտպանության նախարարության ակադեմիայի բացմանը։ Զինծառայողների հետ զրույցում Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտված է փլուզման, եթե շարունակի 19-րդ դարի զավթողական քաղաքականությունը.
«Վրաստանը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Վրաստանը պետք է «ռազմավարական համբերատարություն» ցուցաբերի։ Այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա զավթիչներն իրենց համար հենակետ են պատրաստել։ Այդ հենակետն ուղղված է մնացյալ Վրաստանի դեմ։
Ռուսաստանը դատապարտված է փլուզման, եթե շարունակի 19-րդ դարի զավթողական քաղաքականությունը։ Սակայն Ռուսաստանի փլուզումն ինքնաբերաբար չի լուծի մեր բոլոր խնդիրները, քանի որ Վրաստանի պատմական փորձը ցույց է տվել, որ մեկ զավթիչին փոխարինել է մեկ ուրիշը, մի խնդրին հաջորդել է մեկ այլ խնդիր»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ իրենք ցանկանում են ռուսական տանկերը փոխարինել ռուս զբոսաշրջիկներով։









































