Հայաստանի նախագահը, հիմք ընդունելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակել գեներալ մայոր Արտակ Բուդաղյանին: Բուդաղյանը մինչ այդ Հայաստանի զինուժում գլխավորել է բանակային կորպուս, սակայն 2021 թվականին նշանակվելով այդ պաշտոնին, 2023-ի փետրվարին ազատվել էր, իսկ մոտ մեկ ամիս անց նշանակվել հատուկ հանձնարարությունների գծով սպա: Այժմ գեներալ-մայորը նշանակվում է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար:
Զորքերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 2016 թվականի հայ-ռուսական համաձայնագրով: Այն ներառում է Հայաստանի 5-րդ բանակային կորպուսն ու Հայաստանում ՌԴ ռազմակայանի ստորաբաժանումները: Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը թափուր էր 2023թվականի մարտից, երբ այդ պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը: Եվ ահա, մոտ մեկ տարի թափուր մնալուց հետո նշանակում է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար: Ընդ որում, ուշադրության է արժանի փաստը, որ դա տեղի է ունենում Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական սադրանքից հետո, որի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ: Արդյո՞ք մեկ տարի թափուր մնալուց հետո Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի նշանակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտոնական Երեւանը Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական սադրանքը չի գնահատում լոկ իբրեւ տեղային սադրանք, այլ դրա ներքո դիտարկում է ավելի մասշտաբային արկածախնդրության վտանգ, ինչով պայմանավորված էլ կատարվում է նշանակումը, որն իր մեջ կարող է նաեւ պարունակել քաղաքական ազդակ:
Արդյո՞ք 2016 թվականին ձեւավորված միացյալ խմբավորումը Հայաստանի հանրապետության տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի որեւէ փորձի պարագայում լիարժեք կներգրավվի Հայաստանի տարածքային ամբողջության պաշտպանության գործում, թե՞ միացյալ խմբավորման «ռուսական բաղադրիչը» կմնա «դիտորդ»: Փաստ է այն, որ Միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը սահմանում է Հայաստանի տարածքի համատեղ պաշտպանություն, այլապես գործնականում կորում է այդ խմբավորման ստեղծման իմաստն ընդհանրապես: Մյուս կողմից, դատելով Ռուսաստանի քաղաքականությունից, բավականին բարդ է պատկերանում, որ Մոսկվան ադրբեջանական ագրեսիայի դեպքում կարող է Հայաստանի հետ միասին դիմակայել դրան եւ հասցնել թեկուզ պաշտպանական հարված:
Մյուս կողմից, միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնի մեկ տարի թափոււր լինելուց հետո՝ Ներքին Հանդի ուղղությամբ սադրանքից մեկ օր անց նշանակումը կարող է իր խորքում ունենալ նաեւ հենց այն քաղաքական ազդակը, որը Բաքվին ուղղված հաղորդագրություն է, որ Հայաստանի հանդեպ հարձակումը կարող է դիտվել այն գիծը, որից այն կողմ ռուսները Հայաստանում նահանջել չեն կարող, քանի որ դա կլինի իրենց համար արդեն կենսական ռիսկ: Մյուս կողմից, երբեք պետք չէ անտեսել հնարավոր սցենարը, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չիրականանալով այսպես ասած քաղաքական համաձայնության ճանապարհով, կարող է իրականություն դառնալ ռազմական մեխանիզմով, որտեղ Ռուսաստանը կլինի ոչ թե Հայաստանի հետ Ադրբեջանի դեմ կռվողը, այլ Հայաստանին ու Ադրբեջանին «կանգնեցնողը»:
Բոլոր դեպքերում, անկասկած է, որ ադրբեջանական նոր սադրանքից հետո Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի նշանակումը՝ այդ պաշտոնը մոտ մեկ տարի թափուր թողած լինելու պարագայում, իսկապես արժանի է ուշադրության: Միեւնույն ժամանակ, ադրբեջանական սադրանքից հետո Հայաստանում տեղի են ունեցել բարձրաստիճան զինվորական պաշտոնների վերաբերյալ կադրային այլ որոշումներ: Մասնավորապես, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցն է ազատվել պաշտոնից, իսկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռեկտոր Արթուր Երոյանը թողել է պաշտոնն ու նշանակվել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: Հնարավոր է, որ, թե Բուդաղյանի նշանակումը, թե մյուս կադրային որոշումները չունեն շատ խորը ռազմա-քաղաքական համատեքստ եւ պայմանավորված են պարզապես զինուժի կառավարման հարցում վարչապետ Փաշինյանի ունեցած դժգոհությամբ:









































