Հունվարի 31-ի առավոտից մամուլում հայտնվեց տեղեկություն, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում էկոնոմիկայի նախարարությունում եւ կան ձերբակալվածներ, այդ թվում էկոնոմիկայի փոխնախարար, թեեւ արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը: Նախկին, որովհետեւ հունվարի 31-ի առավոտյան եղավ նաեւ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Իսպիրյանին աշխատանքից ազատելու մասին: Անկասկած է, որ այդ որոշումն ու իրավապահների գործողությունները ուղիղ կապակցված են միմյանց: Ավելի ուժ, էկոնոմիկայի նախարարության խոսնակը հայտնեց, որ իրավապահները տարել են Իսպիրյանին, սակայն հայտնի չէ, թե ինչ կարգավիճամով:
Մի քանի ժամ տեւած պաշտոնական լռությունից հետո հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն.«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ»:
Ձեւակերպումները հուշում են, որ խոսքը բավականին հնչեղ ու ընդգրկուն գործի մասին է, որը թերեւս չի կարող ունենալ զուտ իրավական նշանակություն կամ ազդեցություն եւ մեծ է քաղաքական ազդեցության հնարավորությունը: Մասնավորապես, եթե իրավապահները բավականին հնչեղ ձեւակերպումներով խոշորածավալ քննություն եւ խուզարկություններ են իրականացնում էկոնոմիկայի նախարարությունում, ապա առաջանում է հարց, թե «որտե՞ղ» է նախարարը:
Խոսքը բնականաբար նրա ֆիզիկական գտնվելու վայրի մասին չէ, որովհետեւ նախարար Վահան Քոերոբյանն այդ ընթացքում իր աշխատանքի բերումով շփվել է լրագրողների հետ եւ նույնիսկ ասել, որ տեղյակ չէ, թե հատկապես իրավապահ ո՞ր կառույցն է իրականացնում գործողություններ: Միաժամանակ, նախարարությունը հայտնում էր, որ շատ կարեւոր են համարում կոռուպցիայի դեմ պայքարը, առաջնորդվելով սակայն անմեղության կանխավարկածով: Նախարար Քերոբյանի «տեղի» վերաբերյալ հարցադրումը առնչվում է այն հանգամանքին, թե իրականացվող գործողությունների «հանդեպ» ինչպիսին է նախարար Վահան Քերոբյանի դիրքը:
Եթե նա հայտարարում է, որ տեղյակ չէ, թե իրավապահ որ մարմինն է իրականացնում գործողություններ, ապա՝ այդ գործողությունները կամ կազմակերպվել եւ սկսվել են խիստ գաղտնիության պայմաններում, շրջանցելով անգամ նախարարին, հետեւաբար կասկածելով, որ նրա իմացությունը կարող է խանգարել, կամ նախարարը տեղյակ է, սակայն փորձում է ցույց տալ, որ անմասն է տեղի ունեցողին: Բոլոր դեպքերում առաջանում է հարց, թե արդյո՞ք իրականացվող գործողությունները չեն հանգեցնի նախարարի հրաժարականի: Ի վերջո ստացվում է, համենայն դեպս առկա պատկերից, որ նախարարը տեղյակ չէ իր կառույցի շուրջ տեղի ունեցող առանցքային գործողություններից, կոռուպցիոն ռիսկերից, դրանց հանդեպ իրավապահների քայլերից: Հետեւաբար առաջանում է հարց, թե ընդհանրապես որքան է տիրապետում կառույցի ղեկավարը դրա գործունեությանը:
Մյուս կողմից, իհարկե կարող է լինել հակառակ տարբերակ, երբ՝ Վահան Քերոբյանին «քաշում են մի կողմ» եւ մաքրում նրա ենթակայական շրջապատը, նրան տալով այսպես ասած նորը ձեւավորելու հնարավորություն, եթե իհարկե հենց նա լինի ձեւավորողը: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ հայտարարված գործողության մասշտաբը ինքնին սրում է նախարարի պաշտոնավարման քաղաքական հարցը: Ընդ որում, այստեղ թերեւս առկա է իրավիճակի երեք «ելք»՝ կամ նախարարի պաշտոնավարումը պետք է դադարի, կամ նա իրավիճակից դուրս կգա առավել ուժեղացած՝ հետեւաբար հարց է առաջանում, թե ում եւ ինչի համար է դա անհրաժեշտ, կամ էկոնոմիկայի նախարարը կմնա իր պաշտոնին, բայց առավել «խոցելի» իրավիճակում, ինչը դարձյալ առաջացնում է հարց, թե ու՞մ կարող է դա լինել անհրաժեշտ:
Ի դեպ, թերեւս մի ուշագրավ դրվագ է եւ այն, որ այսօր իրավապահների թիրախում հայտնված, նաեւ Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտըոնանկ եղած փոխնախարար Աննի Իսպիրյանը հունվարի սկզբին Էկոնոմիկայի նախարարի որոշումով նշանակվել էր Պետական հետաքրքրությունների հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, այն բանից հետո, երբ գործնականում ամբողջապես փոխվել էր այդ հիմնադրամի ղեկավար կազմը եւ տնօրենների խորհուրդը, ըստ էկոնոմիկայի նախարարի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի իրականացրած ստուգումների հետեւանքով: Ի՞նչ էր հայտնաբերել ԱՄՀ-ն, եւ արդյո՞ք նույն հետեւանքի շարքում է նախարարության շուրջ ծավալվողը:








































