ՀՀ ԱԳՆ խոսնակը X-ի իր (նախկին թվիթերյան) էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հանդիպմանը, որ տեղի է ունեցել Հայաստանում: «Հաշվի առնելով աշխարհի տարբեր անկյուններում աճող անկայունությունը` խորհրդարանական դիվանագիտությունը կարող է խաղալ կարևոր դեր` նաև բարձրաձայնելով միջազգային իրավունքի խախտումների մասին, տարբեր հնարավոր արդար լուծումների վերաբերյալ հանրային քննարկումները խթանելով` այդպիսով նպաստելով խաղաղության ջանքերին»:
Հատկանշական է, որ Հայաստանի ԱԳ խոսնակը անդրադառնում է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությանը, օգտագործելով ԱԳ նախարարի հանդիպման առիթը: Առաջին հայացքից միանգամայն պարզ առիթով արվող գրառումն իր տողատակում թերեւս ունի այլ «հասցեատեր», որը Հայաստանի խորհրդարանն է՝ խորհրդարանական դիվանագիտության առանցքային «պատասխանատուն»: Որովհետեւ, ԱԳՆ-ն, ԱԳ նախարարը չէ, որ պետք է զբաղվեն խորհրդարանական դիվանագիտությամբ: Խորհրդարանական դիվանագիտությամբ պետք է զբաղվեն խորհրդարանները:
Եվ այն, որ նախարարի հանդիպման առիթով ԱԳՆ խոսնակը հիշատակում է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, թերեւս արտացոլում է այն, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը դժգոհ է խորհրդարանական դիվանագիտության հարցում գլխավոր պատասխանատու ինստիտուտի գործունեությունից: Դա թերեւս զարմանալի էլ չէ: Ինչ խոսք, անկասկած քննարկման հարց է նաեւ ԱԳՆ գործունեության արդյունավետությունը, սակայն առնվազն գործունեության ֆիզիկական դրսեւորումների իմաստով այստեղ պատկերը բավականին նկատելի եւ աշխույժ է: Իսկ ահա խորհրդարանական դիվանագիտության առումով, եթե դուրս բերենք արարողակարգային հանդիպումներն ու պաշտոնական գործուղումներն ու այս կամ այն առիթով հնչող ելույթները՝ որոնք պարզապես չէին կարող չլինել, գործնականում որեւէ կերպ նշմարելի չէ խորհրարանական դիվանագիտության որեւէ այլ «տրեկ»:
Բայց, խորհրդարանական դիվանագիտությամբ աչքի ընկնող խորհրդարան ունենալու համար պետք է ունենալ ընդհանրապես քաղաքական խորհրդարան: Հայաստանում սակայն խորհրդարանը ոչ միայն շարունակում է կառավարման հիերարխիայում լինել առավելապես վարչական մի մարմին՝ գործադիր իշխանությանը ենթակա, ինչպես եղել է մինչեւ 2018 թվականը, այլ դրանից հետո նույնիսկ առավել «խորանալ» այդ տեղադիրքում: Այդ պարագայում թվում է, թե արտգործնախարարությունը, որ գործադիիր իշխանության մակարդակում դիվանագիտական աշխատանքի պատասխանատուն է, պետք է գոհ լիներ խորհրդարանի այդօրինակ դիրքից եւ «ինքնազգացումից»:
Բայց, արտգործնախարարությունն այդ տեսանկյունից ինքն էլ այսպես ասած վարչական կառույց է, որ ենթակա է գործադիր իշխանության ղեկավարին եւ խորհրդարանն այդ տեսանկյունից դե ֆակտո դիտում է որպես «մրցակից», ակնարկելով, որ «մրցակիցը» ըստ էության մատնված է անգործության: Այն դեպքում, երբ դասական մեխանիզմի պարագայյում, խորհրդարանն իր ֆունկցիոնալ հնարավորությունների եւ իրավասությունների շրջանակում, մի կողմից լինելով գործադիր իշխանության, նախարարությունների վերահսկող ինստիտուտ, մյուս կողմից իր քաղաքական, այդ շարքում դիվանագիտական գործունեությամբ պետք է ամբողջացնի պետական արտաքին քաղաքականության համակարգն ու օժտի այն բազմաշերտ ճկունությամբ:








































