Սեպտեմբերի 16-18-ը Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որի ընթացքում կքննարկվի ՀՀ նախագահին ներկայացվելիք ՏՀՏ ոլորտի բարեփոխումների առաջարկությունների փաթեթը` հիմք ընդունելով ԻՏՁՄ վարչության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ս.թ. ապրիլի 2-ին կայացած հանդիպման արդյունքները:
«Առաջին լրատվական»-ին ԻՏՁՄ-ից հայտնեցին, որ հանդիպում-ֆորումի օրակարգում կլինեն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ բարեփոխման հայեցակարգի քննարկումը, ՀՀ նախագահի հովանու ներքո տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագրի նախագծի քննարկումը, այդ ծրագրերի շուրջ դոնոր կազմակերպությունների ժողովը, նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի հիմնադիր համագումարը:
Ֆորումին կմասնակցեն ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ՏՀՏ շուրջ 70 ընկերությունների, նորաստեղծ ձեռնարկությունների ղեկավարներ:
Հանդիպում-ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:






































